Եգիպտոսը ծրագրում է մինչև հոկտեմբերի վերջը չեղարկել վիզայի համար գանձվող գումարը

Եգիպտոսը ծրագրում է մինչև հոկտեմբերի վերջ չեղարկել երկիր մուտք գործելու համար տրամադրվող վիզայի համար սահմանված վճարը, հայտնում է The Sun հրատարակությունը։

Հայտնի է, որ հուլիսի 1-ից երկիրը պատրաստ է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել՝ չնայած այստեղ շարունակվում են կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր հայտնաբերվել։ Հունիսի 22-ին Եգիպտոսում գրանցվել է 1 475 նոր դեպք։ Համավարակի սկզբից այստեղ կորոնավիրուսով վարակվել է 56 809 մարդ, որից ավելի քան 2000-ը մահացել է հիվանդության հետևանքով։

Զբոսաշրջիկների այցը Կարմիր ծովի հանգստյան գոտիներ ապահովելու համար երկրի իշխանությունները որոշել են մինչև հոկտեմբերի 31-ը չեղարկել վիզայի տրամադրման համար գանձվող գումարը։ Սա յուրաքանչյուր հյուրի հնարավորություն կտա մոտ 25 դոլար խնայել։

Եգիպտոսն արդեն պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունելուն։ Ավելի քան 260 հյուրանոց արդեն հիգիենայի անվտանգության վկայական է ստացել, որով հաստատում են, որ իրենց տարածքում հակավիրուսային բոլոր միջոցառումներին հետևում են։

Նշվում է, որ հյուրանոցներն այժմ միայն 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ կարող են աշխատել, դրանցում պետք է բժիշկ աշխատի։

Հանգստյան գոտիներում հարսանիքներ կամ խնջույքներ, զվարճալի միջոցառումներ կազմակերպելը, սնունդը բացօթյա հատվածներում պահելն արգելվում է, հասարակական վայրերում սոցիալական հեռավորությանը հետևելը պարտադիր է։