Մակրոնը ներկայացրել է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին ապացույցները

Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական նավերի միջադեպը «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» վկայությունն էր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը:

«Ես ձեզ հիշեցնում եմ անցած տարվա վերջին իմ հայտարարությունները` «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» վերաբերյալ»,- պետության ղեկավարի խոսքերն է  մեջբերում Le Figaro-ն:

Դեպքը տեղի է ունեցել Լիբիայի ափերին: Թուրքական ռազմանավը չի կատարել ՆԱՏՕ-ի գործողությանը մասնակցող ֆրանսիական կողմի՝ նավի բեռը զննելու կարգադրությանը:

Ավելին, խուսափելով զննությունից՝ թուրքական նավը նշանառության տակ է առել ֆրանսիական նավը՝ օգտագործելով ռադարային հրթիռային ուղղորդման համակարգ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը այդ գործողությունները համարել է  «ծայրահեղ թշնամական և ագրեսիվ»:

Մակրոնը նախկինում հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին»: Առաջին անգամ նա յադ արհայատությունն օգտագործել է 2019-ի աշնանը: Ֆրանսիայի նախագահը հենց այդ ժամանակ կոչ է արել Եվրոպային մտածել իր մասին որպես անկախ աշխարհաքաղաքական ուժի: