Կրեմլն ըմբռնումով է մոտենում մի շարք պետությունների ղեկավարների՝ Հաղթանակի զորահանդեսին ներկա չգտնվելու որոշմանը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ մի շարք երկրների առաջնորդներ՝ այդ թվում և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, չեն կարող մեկնել Մոսկվա՝ վաղը տեղի ունենալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատունը, Միլանովիչը չի կարող վաղը Մոսկվա մեկնել, քանի որ նրա ինքնաթիռը փչացել է։

«Գիտեք, մենք, անկասկած, ըմբռնումով ենք մոտենում պետության մի շարք ղեկավարների և կառավարությունների հաղորդագրություններին առ այն, որ նրանք կցանկանային գալ և նախկինում էլ հաստատել էին միջոցառումներին մասնակցության իրենց պատրաստակամությունը, սակայն այս կամ այն պատճառներով չեն կարող գալ, միևնույն ժամանակ պատճառներն, անկասկած, հիմնականում կապված են սահմանափակումների ռեժիմի հետ, որոնք որոշ երկրներում դեռևս գործում են»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ Կրեմլը նույն կերպ ըմբռնումով է մոտենում Խորվաթիայից ստացված տեղեկությանը և գնահատում է «այդ տոնի ուրախությունը» կիսելու իրենց սկզբնական պատրաստակամությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետը չի մեկնի Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Բենի Գանցը, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները նույնպես հրաժարվել են հունիսի 24-ին Մոսկվա մեկնել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի անցկացումը հետաձգվել էր և պետք է կայանա հունիսի 24-ին: