Ինչու Ռ․ Քոչարյանին կալանքից ազատելու համար աննախադեպ մեծ՝ 2 մլրդ դրամ գումար սահմանվեց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Օրեր առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Մայիսի 8-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլնի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն մերժել էր պաշտպանների միջնորդությունները, որի դեմ նրանք վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որն էլ և բավարարվեց:

Հայկ Ալումյանը խոսեց Արսեն Նիկողոսյանի վարած դատական նիստի մասին՝ ասելով, որ առանձնանում էր նախորդներից, քանի որ եթե նախորդ նիստերում դատավորը չէր թողնում փաստաբանները իրենց դիրքորոշումները հայտնեն, ապա այս դատավորը ուշադրությամբ լսում էր իրենց և ընկալում։ Ոչ իշխանահաճո որոշում կայացնելը Հայկ Ալումյանը պայմանավորում է հենց դատավորի անձով, մասնագիտական և բարոյական որակներով՝ ասելով, որ եթե դատավորն իր աչքի առաջ չունենար հետագայում թիրախավորվելու և հալածվելու վախը՝ ավելի օբյեկտիվ կլիներ և ընդհանրապես խափանման միջոց չէր կիրառի։

Փաստաբանը խոսեց նաև գրավի բացառիկ մեծ չափի մասին, որը մինչև այսօր երբևէ չի կիրառվել մեզանում։ Նա ասաց, որ պաշտպանների խումբը պատրաստվում է բողոքարկել թե գրավի չափը, թե խափանման միջոցի կիրառումը։

Հայկ Ալումյանը ներկայացրեց նաև, թե Մարտի 1-ի բացահայտման գործով ինչ զարգացումներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում