Ես չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք էր լուծել, որ այսպես մի օրվա մեջ Սահմանադրություն են փոխում. դա աննորմալ ընթացք է. Ֆելիքս Թոխյան

«Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք պառլամենտի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել: Բողոքարկողի տեղն էլ Սահմանադրական դատարանն է: Իսկ մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, կարծիք հայտնելու դեպքում պետք է չմասնակցեմ գործի հնարավոր քննությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է թոշակի գնալ, նա պատասխանեց. «Ես փողոցից չեմ եկել այս շենք, այս շենք ես 1997 թ. եմ եկել՝ ԱԺ ընտրությամբ, ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ այնտեղ հավաքել՝ որպես ՍԴ դատավոր: 2005 թ. իմ ժողովուրդը հաստատել է, որ՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմանով 1997 թ. քեզ նշանակել ենք: Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի: 2015 թ. ժողովուրդը նորից եկել է՝ հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Թե հիմա ինչու է պառլամենտը ժողովրդի ասածը ուզում փոխել, դա իրենց հարցրեք: Մենք ունենք օրինական ակնկալիքներ, 1997 թ., որ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Ցանկացած դատավոր, երբ նշանակվում է որևէ պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքը իրեն օրինապաշտ է պահում, չի խախտում օրենքները, այլ պաշտոն չի զբաղեցնում, որը չի կարելի, իրավունք ունի մինչև իքս տարին, որ իրեն թույլ են տվել, աշխատի:

Մոտավորապես այս վիճակը եղել է Հունգարիայում, բացեք Եվրադատարանի հայտնի որոշումը, ու կտեսնեք՝ այս հարցի լուծումը ոնց է տվել Եվրադատարանը: Չի կարելի երեկոյան քնել, առավոտյան զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես: Երկրորդ՝ ես խնդրում եմ, դուք նայեք վենետիկցիների կարծիքը՝ նրանք կամավոր և պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, դա եղել է նախորդ տարի, և մեր իշխանությունները համաձայնել են, որ միայն կամավոր կարող են գնալ, պարտադիր չեն կարող, դրա հիման վրա մեզ 2 ամիս ժամկետ տվեցին, ասացին՝ թոշակի գնացեք, լավ էլ պայմաններով: Մենք հրաժարվել ենք: Մի քանի ամիս հետո եղավ ամենաճիշտ որոշումը՝ հանրաքվեով հարցի որոշումը: Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին, այն ժամանակ այսօրվա կորոնավիրուսային վիճակը չէր, և հանրաքվեն հնարավոր էր անել: Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ՝ երկու փուլով, այսինքն՝ կարելի էր հանրաքվեն անել»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ այսինքն՝ հանրաքվեն սահմանադրակա՞ն էր, որովհետև ասում էին, որ այն հակասահմանադրական է:

«Ես չեմ կարող ասել, կարող եմ ձեզ ասել վենետիկցիների ասածը, այդ թվում՝ վերջին. դուք մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով՝ ինչ է  ասել Վենետիկը, բացեք կետերով նայեք վենետիկցիների կարծիքը, ուղղակի գրված է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր ասածին, ինչո՞ւ եք ասում, որ սա դրական կարծիք է և համահունչ է, չի կարելի այդպես: Դրանից հետո, որ հանրաքվեն չի եղել, ես չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք էր լուծել, որ այսպես մի օրվա մեջ Սահմանադրություն են փոխում. դա աննորմալ ընթացք է: Այստեղ պատահական մարդիկ չեն նստած»,- պարզաբանեց նա: