ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Նշենք, որ ԱԺ այսօր արդեն առաջին ընթերցմամբ 88 կողմ 0 դեմ ձայներով ընդունել է համապատասխան նախագիծը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել նիստին և հիմա էլ չեն մասնակցում: Նրանք կարծում են, որ սա հակասահմանադրական գործընթաց է, անգամ սահմանադրական հեղաշրջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Ըստ որի նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի դրանից, սահմանվում է, որ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հիշեցնենք, որ ՍԴ 9 անդամներից միայն 3-ն են պաշտոնավարել 12 տարուց ավելի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել է ընդամենը 2 տարի, հետևաբար, ըստ այս նախագծի՝ նա կմնա ՍԴ դատավոր:

Սահմանադրության այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: