Գերմանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներն ուղեկցվում են բողոքի ակցիաներով

Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով, երկրում կտրուկ աճել է R ցուցանիշը, այն է՝ կորոնավիրուսով վարակված մեկ անձի կողմից այլոց վարակելու թիվը: Եթե հունիսի 20-ին այդ ցուցանիշը կազմում էր 1.79, ապա հունիսի 21-ին այն դարձել է 2.88:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ դա նշանակում է՝ յուրաքանչյուր 100 վարակված անձ վարակում է 288 մարդու: Վարակի տարածումը արդյունավետորեն կանխելու համար  անհրաժեշտ է, որ այդցուցանիշը լինի 1:

Ինստիտուտի տվյալներով, կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններոմ, տրանսպորտային ընկերություններում, մսի վերամշակման գործարաններում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատողների շրջանում:

Գերմանիայի Գյոթինգեն քաղաքում մի քանի ոստիկան վնասվածք է ստացել բնակելի շենքերի համալիրներից մեկի բնակիչների հետ բախումներում: Այնտեղ վարակի ի հայտ գալու պատճառով բնակիչների համար սահմանվել է կարանտին, իսկ բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել: Նշվում է, որ մարդկանց մի խումբ փորձել է ճեղքել հատուկ դրված մետաղական ցանկապատը: Այդ բնակավայրում 700 մարդու համար հունիսի 18-ին սահմանվել է կարանտին, մեկ օր անց նրանցից 120-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս: