Այն, որ ԱԺ-ն որոշել է չդիմել Սահմանադրական դատարան, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով այսօր ժամը 13:00-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ նշեց. «9:30 եղել է խորհրդի նիստը և խորհրդի նիստից մենք իմացանք, որ այսօր ժամը մեկին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի և որքանով հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն՝ առաջին ընթերցում ընդունվում է, այնուհետև երեք ժամ առաջարկությունների համար և գնում է երկրորդ ընթերցում: Ամբողջ աշխարհում գիտեք, որ եթե սահմանադրություն է փոխվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, քննարկումներ, քարոզարշավ, բանավեճեր։ Հայաստանում դա արվում է այդ ձևով՝ գալիս է խորհրդարան, առավոտը 9:30 իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը։ Սա լուրջ խնդիր է՝ թե՛ մեր միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ընդհանրապես ժամանակին ասվածի ու քննարկվածի մասով։ Սրա մասին խոսվել է դեռևս այն ժամանակ, երբ հանրաքվեի որոշումն էր քննարկվում, որ հանրաքվեն միակ ճանապարհն է ժողովրդավարության միջոցով դրան հասնելու, բայց հիմա պարզվում է, որ չէ, խորհրդարանում էլ դա կարելի է անել և պարզվում է նաև, որ Սահմանադրական դատարան չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը։ Ակնհայտ է, որ չի ուղարկվելու, քանի որ 3-ժամյա ռեժիմ է սահմանված»: Էդմոն Մարուքյանը նշեց, որ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը իր դիրքորոշումն արդեն արտահայտել է Սահմանադրական դատարանի հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ. «Մենք դեմ ենք քվեարկել խորհրդարանում, ստացել ենք լեգիտիմ իրավունք ձևավորելու «ոչ»-ի շտաբը, չենք ձևավորել «ոչ»-ի շտաբը և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին՝ չձևավորել «ոչ»-ի շտաբ, և բոլոր քաղաքական ուժերը այդ օրակարգն ընդունել են, բայց հանրաքվեն չեղավ, հիմա նույն բանն ուզում են անեն խորհրդարանում։ Մենք, մեծ հաշվով, ասելիք չունենք արդեն, ինչ ասելու էր, ասել ենք։ Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք, դեռ քննարկումների մեջ ենք, չենք հասցրել կողմնորոշվել, թե ինչ անենք։ Բայց խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ անիմաստ է նիստին գնալը։ Ամեն դեպքում ժամը 13։00-ը կգա, կտեսնենք»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ նշեց. «Այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել Սահմանադրական դատարան, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ գրցված է, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ խորհրդարանը առաջին ընթերցումից հետո դիմում է Սահմանադրական դատարան: Եվ սա իմպերատիվ դրույթ է: Եթե այս դրույթը չի պահպանվում, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը: Այն, թե սա իշխանության յուրացում է, թե ոչ, դա որակում է դատարանը: Առերևույթ որոշակի տարրեր կարող են այստեղ լինել, քանի որ հակասահմանադրական գործընթացների արդյունքում գործողություններ են կազմակերպվում»: