Նիկոլ, կարծում ես, Պուտինին կարո՞ղ ես հարիֆի տեղ դնել, եթե հպարտ քաղաքացիներիդ մի մասին կարողացել ես

Որ ասում էինք Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունը վտանգում են կիսաշրջափակված, ավելին` կիսապատերազմական վիճակում գտնվող,  Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ ունեցող Հայաստանի հարաբերությունները մեր ամենամոտ, ամենակարևոր դաշնակիցների` Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, ձեզանից ոմանք չէին հավատում:

Վերոնշյալի առումով չենք անդրադառնա վերջին 2 տարվա իրադարձություններին, հասկանալու և համոզվելու համար վերջին օրերին եղածն էլ բավական է: Հայաստանը, ինչպես արեն հայտնի է, միացել է կրոնական հարցերով հակաչինական մի այլանսի (դե դա ոչինչ, կարևորը` ԱՄՆ-ը և Չինաստանի հանդեպ, ըստ էության, թշնամաբար տրամադրված էլի մի քանի պետություններ գոհ են Հայաստանի այդ քայլից): Հետաքրքիր է` Փաշինյանի մտքով դրանից առաջ անցե՞լ է` բա որ Չինաստանը, իմանալով դրա մասին, մի փոքր փռշտա մեր ուղղությամբ…

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Հայաստանը ջերմացնում է իր հարաբերություններն Իրանի ոխերիմ թշնամու` Իսրայելի հետ, ՀՀ կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել Իսրայելում դեսպանատուն բացելու:

Չենք քննարկում այն խնդիրը, թե այդ դեսպանատունը մեզ համար որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ, կամ ընդհանրապես կարևոր և անհրաժե՞շտ է, թե ոչ: Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն Իսրայելում շուրջ 30 տարի դեսպանատուն չի ունեցել, հետևաբար կարող էր երևի 30 տարի էլ չունենալ, հետաձգել դեսպանատան բացման հարցը մինչև աշխարհաքաղաքական պայմանները կլինեին նպաստավոր: Հիմա՞ էր դրա պահը, երբ Ադրբեջանի կողմից հայերիս դեմ պատերազմի սանձազերծման սպառնալիքը շատ մեծ է, և դժվա՞ր էր հասկանալ, որ այդ պատերազմի դեպքում մենք Իրանի բազմակողմ, տարաբնույթ աջակցության կարիքն ունենալու ենք առավել, քան երբևէ: Իսկ միգուցե այդ ամենը շատ լավ հասկանալո՞վ են արվում Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացման քայլերը, այսինքն` պահը շատ ճիշտ է ընտրված…

Հիշենք, որ Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց հունիսի 9-ին մի շարք ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման։ Որքան էլ Հայաստանի իշխանություններն ասեն, թե մենք Իսրայելի հետ հարաբերությունները չենք կառուցելու` ի հաշիվ Իրանի հետ հարաբերությունների, դժվար թե Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումից հետո շարունակենք վայելել մեր հանդեպ Իրանի բարեհաճ վերաբերմունքը:

Հիշյալ բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա եղել է «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու» գրություն- զգուշացումը: Հատկանշական է և ուշագրավ, որ թեև բողոքի միջոցառումը բազմամարդ չի եղել (իրանցի ուսանողների 30 հոգանոց փոքրաթիվ խումբ), սակայն նշված միջոցառմանն անդրադարձել են Իրանի պետական հեռուստատեսությունը և այլ գլխավոր լրատվամիջոցներ:

Հիմա անդրադառնանք Ռուսաստանի հետ հարաբերություններին` նկատի ունենալով դարձյալ զուտ ամենավերջին, ամենաթարմ իրադարձությունը: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որով հայտնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Փաշինյանի նամակում նշված է.

«Հարգելի պարոն նախագահ, ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը:

Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:

Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելու Փաշինյանի պատճառաբանության (գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը) սուտ լինելը հասկանալի է դառնում միանգամից, ավելին` այն նույնիսկ ակնհայտ է ՀՀ գերագույն գլխավոր ստախոսի տվյալ նամակից: Դեռ չենք անդրադառնում այն հարցին, թե Հայաստանում մնալով, Փաշինյանը մինչև հիմա համաճարակային իրավիճակին ոչ ձևականորեն և արդյունավետ հակազդելու առումով մինչև հիմա իբր ինչ է արել, որ հունիսի 24-ին կամ այդ մեկ-երկու օրը մնալով ինչ անի: Պարզապես ընդամենը մի քանի փաստարկումով ցույց տանք Փաշինյանի ստախոսությունը:

Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթը Մոսկվայում անցկացվելու է հունիսի 24-ին, Փաշինյանի հայտարարությունը եղել է հունիսի 19-ին, այսինքն` դրանից 5 օր առաջ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված նոր դեպքերը Հայաստանում վերջին մեկ շաբաթում օրական 400-700 սահմաններում են և առաջիկա 4-5 օրում ո՛չ կրկնապատկվելու են, ո՛չ էլ, ընդհանրապես, դուրս են գալու իշխանությունների և փորձագետների կանխատեսումների շրջանակից, հետևաբար նշված ժամանակաընթացքում վարչապետի մակարդակով ընդունվելիք ինչ-որ չկանխատեսված ու հրատապ որոշում ընդունելու անհրաժեշտություն չի առաջանալու:

Ընդգծենք, որ Փաշինյանի բացակայության պարագայում, եթե նույնիսկ ինչ-որ ծայրահեղ իրավիճակ և այդպիսի ինչ-որ որոշում կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն առաջանա, դրանք կարող է ընդունել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կամ ՀՀ կառավարությունը:

Հաջորդը. Եթե Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելու Փաշինյանի պատճառաբանությունը գոյություն ունեցող համաճարակային իրավիճակն է, ապա նա հենց նույն նամակում ինչպե՞ս է ՌԴ նախագահին հայտնել իրենց մոտալուտ հանդիպման վերաբերյալ իր ակնկալությունը, հանդիպում, որը հնարավորություն է տալու քննարկելու երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Ի՞նչ է, համաճարակային իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներում բարելավվելո՞ւ է… Իհարկե՛ ոչ: Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես թե՛ նմասնագետների, փորձագետների, թե՛ իշխանությունների բոլոր կանխատեսումները վկայում են ճիշտ հակառակի մասին: Բա որ Պուտինը վերցնի և, ասենք, հուլիսի 1-ին հանդիպում նշանակի (մոտալուտ հանդիպում էիր ակնկալում, ահա քեզ մոտալուտ հանդիպում), ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը…

Պարզ է, որ Փաշինյանի` Մոսկվա չմեկնելը, հունիսի 24-ին Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթին ներկա չլինելը, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելն իրականում ունի այլ պատճառ կամ պատճառներ: Հայաստանում թերևս առաջինը կամ առաջիններից մեկը մենք որոշ փաստերի հիմա վրա կասկած հայտնեցինք, թե Փաշինյանն իրականում վարակվել և իր ընտանիքին վարակել է նոր կորոնավիրուսով: Հետագայում ոչ միայն իր, այլև իր ողջ ընտանիքի ապաքինվելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ամրապնդեց մեր և ոչ միայն մեր այդ կասկածը, քանի որ վարակվելու մասին հայտարարելուց զարմանալիորեն շատ կարճ ժամանակ` մոտ մեկ շաբաթ հետո Փաշինյանը հայտարարեց, թե իրենց բոլորի թեստավորման արդյունը եղել է բացասական: Սա թերևս ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում աննախադեպ էր նոր կորոնավիրուսով վարակվածների այլևս վարակակիր չլինելու առումով: Բայց մի պահ ընդունենք, թե Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասել:

Ինչպես հայտնի է, ինչպես Վլադիմիր Պուտինը, այնպես էլ Ռուսաստանի համապատասխան ծառայություններն ամեն ինչ անում են, որ բացառվի ՌԴ նախագահի վարակվելը նոր կորոնավիրուսով: Նույնիսկ այն վետերանները, որոնք հանդիպելու են Պուտինի հետ, նախապես 14 օրով ինքնամեկուսացված թե մեկուսացված են, որպեսզի այդ ընթացքում հանկարծ չվարակվեն նոր կորոնավիրուսով ու հանդիպմանը վարակեն ՌԴ նախագահին:

Տրամաբանական է, որ Մոսկվայում բոլոր նրանք, ովքեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու են, նախապես թեստավորվելու են: Եթե Փաշինյանն իսկապես վարակվել է նոր կորոնավիրուսով, ապա համապատասխան թեստը նրա օրգանիզմում հայտնաբերելու է դրա դեմ առաջացած հակամարմինները, իսկ եթե չհայտնաբերի, նշանակում է` Փաշինյանը ստել է, խաբել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին:

Հակամարմիններ չհայտնաբերելու, այդ փաստն արձանագրելու և այդ մասին հայտարարելու պարագայում Փաշինյանն ուղղակի խայտառակ է լինելու, միջազգային արենայում ձեռք է բերելու «դիպլոմավոր ստախոսի» վատ համբավ, ինչը նշանակում է, որ դրանից հետո Հայաստանում նրա պաշտոնավարման ժամկետն էլ ավելի է կրճատվելու: Արթնանալու է ոչ միայն հպարտ քաղաքացիների դեռ հարիֆացված վիճակում գտնվող մասը, այլև արթնանալու են բոլոր պողոսները և, թերևս, նույնիսկ զոմբիացվածները: Մի՞ թե սա լուրջ կամ բավարար պատճառ չէ Մոսկվա չգնալու համար…

Այնուհանդերձ, եթե վերոնշյալը սոսկ մեր ենթադրությունն է, և Փաշինյանի օրգանիզմում իրականում կան նոր կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, ապա Մոսկվայում հիշյալ միջոցառումներին մասնակցելուց նրա հրաժարումն այդ դեպքում կարող է պայմանավորված լինել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հնարավոր ու մոտալուտ շիկացման վերաբերյալ Փաշինյանի կամ նրան ներկայացված համապատասխան ծառայությունների կանխատեսմամբ: Ինչպես հայտնի է, դատարանը վաղը հրապարակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Փաշինյանը հավանաբար արդեն իսկ գիտե, թե դատարանն ինչ որոշում է հրապարակելու և կանխատեսում է նաև, թե դրանից հետո ինչ կարող է լինել: Մանավանդ, որ Ծառուկյանի և նրա որոշ կուսակիցների մի քանի հայտարարություններից հետո հետագա հնարավոր իրադարձությունների կանխատեսումն այնքան էլ դժվար չէ:

Արթուր Հովհաննիսյան