Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն արձագանքել է Պուտինի` Երկրորդ աշխարհամարտի մասին հոդվածին

Պատմությունը չպետք է վերաշարադրվի հանուն այս կամ այն երկրի շահերի, նացիստական ​​ռեժիմի նկատմամբ հաղթանակը հնարավոր դարձավ դաշնակից երկրների և ԽՍՀՄ-ի քաջության շնորհիվ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Այսպես նա մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ, որտեղ հեղինակը ուրվագծել է իր տեսակետները հակամարտության մասին, պատճառները և ժամանակակից աշխարհում դրա ընկալման վերաբերյալ: Ռուսաստանի առաջնորդը նաև գործընկերներին կոչ է արել պահպանել փաստերի վրա հիմնված պատմական ճշմարտությունը և քննարկել անցյալի իրադարձությունները ինքնաքննադատորեն և անաչառորեն: Ավելին, ըստ նրա, Ռուսաստանը միշտ երախտապարտ կլինի պատերազմական տարիներին Կարմիր բանակին մատակարարման  հարցում դաշնակիցների օգնության համար:

«Մեր ընդհանուր պատմությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք կամ պետությունների կողմից գրված լինի իրենց շահերից ելնելով… Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, ԽՍՀՄ և դաշնակից բոլոր երկրների ժողովուրդների համարձակությունն ու հսկայական զոհողությունները բերեցին նացիստական ​​ռեժիմի տապալմանը»,- հայտարարել է Արտաքին գործերի գրասենյակի ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար հրապարակում է փաստաթղթեր Ազգային արխիվից՝ գործող օրենսդրության համապատասխան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան National Interest պարբերականի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հոդված է գրել:

Հոդվածը հրապարակվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը» վերնագրով: Նյութում Պուտինը պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը և բացատրել է դրա առաջացման պատճառները: Նա հիշեցրել է, որ 2019-ին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում մասնակիցները միակարծիք են եղել նացիստների նկատմամբ տարած հաղթանակի հարցում խորհրդային ժողովրդի կարևոր դերի հարցում:

«Սովորության համաձայն գործելով՝ որոշ քաղաքական գործիչներ շտապել են հայտարարել, որ Ռուսաստանը վերաշարադրում է պատմությունը: Սակայն նրանց չի հաջողվել ժխտել ոչ մի փաստ և հիմնավորում: Իսկապես, դժվար է, եթե ոչ անհնարին, վիճել իրական փաստաթղթերի հետ, որոնք, ի դեպ, կարելի է գտնել ոչ միայն ռուսական, այլև արտասահմանյան արխիվներում», – գրել է Պուտինը:

Նախագահը կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառները կապված են Առաջին համաշխարհայինից հետո ընդունված որոշումների հետ:

«Ազգային նվաստացումը պարարտ հող էր ստեղծել Գերմանիայում արմատական ռևանշիստական տրամադրության համար», – գրել է ՌԴ նախագահը: