Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական. Սերբիայի նախագահ

Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով

Հունիսի 18-ին և 19-ին «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթներով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Պրահայում Հայաստանի դեսպանության տեղեկացմամբ, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Հունիսի 18-ին ուղեբեռի ճանապարհմանը մասնակցեցին Սերբիայի ԱԳ նախարարի օգնականի պաշտոնակատար, Եվրոպայի գլխավոր վարչության պետ, դեսպան Բոյանա Ադամովիչ Դրագովիչը և Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 19-ին Սերբիայի նախագահի աշխատակազմի Գլխավոր քարտուղար Նիկոլա Սելակովիչի և ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ կայացավ հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռի ճանապարհման հանդիսավոր արարողությունը։ Արկղերից մեկի վրա փակցված է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի գրառումը, որում ասվում է․ «Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական»։
Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառական սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: