Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, նշվում է, որ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը․

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչևէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է:

Կարևոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ անդամ պետություններ վերաբերվում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար և անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:

Հանձնաժողովը նշում է նաև, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռոնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների և խորհրդանիշերի տարածում և օգտագործում ), որոնք ևս, էստ էության, համարվում են հակասահմանադրական:

Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը և օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը և սահմանադրական կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջև ,համաձայնությունե կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված:

Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետևության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող ,սահմանադրական կարգե կամ ,սահմանադրական կարգը տապալելե հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։

Կարևոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել և սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարևոր նշանակություն ուներ նաև մասնագիտական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու և այն դրան համապատասխան կառուցելու համար։ «Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարևոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը ևս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում»։