Խիստ մտահոգիչ է դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները:

Այս երևույթն ավելի է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը:

Պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:

  1. Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը:
  2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին:

Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում:

Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է:

Այս ամենը պայմանավորված է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը:

Ցանակացած հարցի կամ խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։

  1. Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք:

Ընդ որում, այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով:

Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում:

  1. Այս արատավոր երևույթը ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես:

Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ»:

1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և…

Опубликовано Arman Tatoyan Четверг, 18 июня 2020 г.