Եվ այն ժամանակ և այսօր շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին, իր հիանալի աշխատանքի, պատրաստակամության և համեստության համար

2016-ի ապրիլյանից հետո, մայիսի կեսերին պիտի տեղի ունենար Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանի ԽՎ սեկցիաների նախագահների նիստը, և ես անպայման ուզում էի այս նիստում ներկայացնել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի մանրամասները, նրանց իրականացրած ոճրագործությունները , մի խոսքով պատմել աշխարհին այն, ինչ կատարվեց այդ օրերին։ Բնականաբար, չունեի բավարար տեղեկություն, հարկավոր էին նկարներ, ամենայն մանրամասներով, քանի որ մտադիր էի այդ ամբողջը հավաքել մի տեղում և գրքույկի պես տրամադրել եվրոպացի ֆրանկոֆոն իմ գործընկերներին։ Կապվեցի մեր ԱԳՆ-ի հետ, ինձ խորհուրդ տվեցին խոսել Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Սա մեր թերևս առաջին համատեղ աշխատանքն էր։ Ռուբեն Մելիքյանը ինձ այնքան տեղեկություն, նկարներ, փաստեր , անուններ և վավերական նյութեր տրամադրեց, որ բավարար էր մի ամբողջ գիրք գրելու համար։ Մենք կազմեցինք այդ գրքույկը, թարգմանեցինք ֆրանսերեն լեզվի և 2016-ի մայիսի, կարծեմ, 16-ին Ֆրանսիայում, սեկցիաների նախագահների նիստում ես խոսեցի ապրիլյանի մասին և գրքույկները բաժանեցինք։ Դա ցնցող տպավորություն թողեց, և այդ նիստում եվրոպացի իմ գործընկերները ընդունեցին հատուկ բանաձև, որով դատապարտեցին Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները։

Եվ այն ժամանակ և այսօր շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին, իր հիանալի աշխատանքի, պատրաստակամության և համեստության համար։

Այս պատմությունը պատմեցի զուտ մեկ նպատակով, գործ անող, աշխատանքը ամեն ինչից վեր դասող, երկրի, հողի, հայրենիքի զգացողություն ունեցող, իրավունքի և օրենքի գիտակ , պրոֆեսիոնալ մարդիկ մեր երկրում շատ կան։ Եվ այդ մարդկանցն է ապագան, և մեր երկիրը նրանք են պահում և նրանք են պահելու։

Ցավոք, կան նաև սրիկաներ, սողացողներ, անհասկանալի նյութից սերվածներ, որոնք ամեն իշխանության ոտքերի տակ են, ամեն իշխանության կոշիկները լպստողներ են, ճիճվային հոգեբանությամբ․․․Եվ ցավալի է, որ նրանք որդի պես մտնում են առողջ պտուղի մեջ և փորձում են փչացնել ամեն ինչ․․․Եվ եթե այսօր նրանք ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, չի նշանակում, թե իրենց հասակը դրանից բարձրացավ։ Պարոնայք սրիկաներ, նույն գաճաճներն եք, եւ ձեր սրիկայությունների համար վստահ եղեք, շուտով շատ խայտառակ վիճակի եք լինելու։

Բնությունը հզոր է, բնությունը էս կարգի սողուններին ճզմում է, դրա համար էլ նրանք մնում են պուճուրիկ, լպրծուն և արգահատելի․․․Եվ ձեռքերդ և ձեր կեղտոտ մտքերը հեռու Ռուբենից և բոլոր նորմալ մարդկանցից․․

Հ․Գ․ Ափսոս Ռուբենի հետ նկար չունեմ, կունենամ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

2016-ի ապրիլյանից հետո, մայիսի կեսերին պիտի տեղի ունենար Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանի ԽՎ սեկցիաների նախագահների…

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 19 июня 2020 г.