Մի՛ հավատացեք նոր կորոնավիրուսի առնչությամբ մեր ազգային անվտանգությանը սպառնացող կեղծիքներին

Հայաստանի իշխանություններին թեև միանշանակ ձեռնտու են արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված հանրահավաքների և հանրային այլ միջոցառումների արգելքի երկարացումները, սակայն ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացնելու կամ այլ նպատակով նոր կորոնավիրուսային հիվանդության ու դրանից մահվան դեպքերի քանակի վերաբերյալ պաշտոնական թվերն ուռճացված չեն, կեղծ են այդ թվերի ուռճացված լինելու վերաբերյալ բոլոր տեղեկությունները:

Այս թեմայով մեր նախորդ հրապարակմամբ խոստացել էինք ապացուցել բժիշկների կողմից իշխանությունների պատվերը կատարելու և Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի, ինչպես նաև COVID-19-ից մահացածների քանակն իրականի համեմատ ուռճացված ներկայացնելու մասին «Ֆեյսբուքում» հրապարակվող, նաև քաղաքացիների միջև հեռախոսազանգերով փոխանցվող տեղեկությունների կեղծ լինելը: Ըստ այդ տեղեկությունների, իրենց ծանոթից լսել են, թե մեր երկրի այսինչ քաղաքում  բժիշկները մահացածի ընտանիքի անդամներին որոշակի գումար են առաջարկել, որպեսզի նրանց համաձայնությունը ստանալով, այլ հիվանդությունից մահացածին ձևակերպեն իբրև COVID-19-ից մահացած:

ԱԱԾ-ի խնդիրն է պարզել, թե ովքեր են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վերոնշյալ կեղծ տեղեկությունների սկզբնաղբյուր հանդիսացողները: Տեղեկություններ, որոնք շատ մարդկանց դրդում եմ անզգույշ լինել, թերագնահատել վտանգը, չհավատալ նոր կորոնավիրուսի վտանգավորությանը, չպահպանել հակահամաճարակային կանոնները…

Շղթայական ռեակցիայի նման տարածվող կեղծիքի հետագա փոխանցողները կարծելով, թե իրենց ոչ միայն սենսացիոն, այլ նույնիսկ ազգափրկիչ տեղեկություն է հայտնի դարձել, որի մասին պետք է հնարավորինս շուտ ու հնարավորինս շատ մարդկանց հայտնել, խիստ վտանգավոր սուտն այլոց փոխանցում են առանց դույզն ինչ տրամաբանելու, մտածելու, բնավ հաշվի չառնելով առկա փաստերն ու իրողությունները:

Նրանք անտեսում են նախ այն, որ որևէ դեպքում չի նշվում, թե այս կամ այն քաղաքի ո՞ր հիվանդանոցում են բժիշկը կամ բժիշկները հիշյալ նպատակով փող առաջարկել մահացածի մերձավորներին: Չեն նշվում նաև մահացածի և բժիշկների անունները, ինչպես նաև անունը մահացածի այն մերձավորի, որին գումար է առաջարկվել: Մի խոսքով, ամեն ինչ անորոշ, վերացական:

Երկրորդ. կեղծիքի փոխանցողները կարծես զուրկ լինելով Աստծո կողմից մարդուն ի վերուստ տրված տրամաբանությունից, անտեսում են նաև այն, որ եթե բժիշկներն իրականում ունենան նման նպատակ, ապա մահացածի մերձավորին ավելորդ կերպով գումար չեն առաջարկի, ինչպես ասում են, թուղթն էլ, գրիչն էլ իրենց ձեռքում է, ի՞նչն է խանգարում նրանց այդ գումարը պահել իրենց և այլ հիվանդությունից մահացածին ձևակերպել COVID-19-ից մահացած, մանավա՛նդ, որ, օրենքի համաձայն, COVID-19-ից մահացածի դիակի դիահերձում չի կատարվում:

Ի՞նչ է, մահացածի հարազատները դիակի մեջ նոր կորոնավիրուսը հայտնաբերող ինչ-որ թե՞ստ ունեն, լաբորատորիա՞ ունեն, որ դիակը փակ դագաղով ստանալուց հետո հակառակն ապացուցեն: Կամ, եթե այդ լուրերի համաձայն, իշխանությունների կողմից է տվյալ պատվերը բժիշկներին տրված, վերջիններս չգիտե՞ն, որ մահացածի մերձավորներն առողջապահության նախարարին, գլխավոր դատախազին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին բողոքելու դեպքում որևէ արդյունքի չեն հասնելու, այսինքն` ճշմարտությունը չի բացահայտվելու, հետևաբար էլ ինչո՞ ւ պետք է ավելորդ կերպով գումար առաջարկեն…

Երրորդ. կեղծիքն առանց գիտակցելու տարածողներն անտեսում են նաև այն, որ իշխանությունները COVID-19-ից մահացածների քանակն իրականությունից ավելին ներկայացնելու նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չէին համարձակվի, չէին կարող բժիշկներին կամ նրանց անմիջական ղեկավարներին տալ այլ հիվանդություններից մահացածների մերձավորներին համոզելու համար նախատեսված փող ու նշված պատվերը, քանի որ չէին կարող ունենալ որևէ երաշխիք, որ բժիշկներից թեկուզ մեկ-երկուսը, մինչև իսկ իրենց աշխատանքը կորցնելու գնով, չեն բարձրաձայնի ղեկավարության կողմից իրենց տրված այդ պատվերի, ավելի ճիշտ, ՀՀ ղեկավարության կամ, թեկուզ, առողջապահության նախարարության մակարդակով կազմակերպված տվյալ կեղծարարության, հանցագործության մասին: Մի՞ թե կարելի է այն կանխավարկածով առաջնորդվել, թե բոլոր բժիշկներն անազնիվ են, կաշառվող, հարմարվող կամ վախկոտ… Իհարկե ո՛չ:

Վտանգավոր կեղծիքը տարածողների թվում կան նաև մարդիկ, որոնք թեև չեն նշում այլ հիվանդություններից մահացածների մերձավորներին բժիշկների կողմից գումար տալով կամ առանց դրա, մահը COVID-19-ից ձևակերպելու մասին, սակայն, չգիտես ինչի հիման վրա, միգուցե պաշտոնական տեղեկատվության հանդեպ ծայրաստիճան անվստահության պատճառով իրենց կարծիքն են արտահայտում կամ մեկ ուրիշի կարծիքը փոխանցում, թե Հայաստանում COVID-19-ից մահացածների քանակն ուռճացված է ներկայացվում, չի համապատասխանում իրականությանը: Ոմանք այս ստի հարցում այնքան են համոզված, որ նույնիսկ պնդում են այն:

Ինչպես նախորդ, այնպես էլ վերջին խմբի մարդիկ անտեսում են, որ այդ դեպքում ՀՀ-ում COVID-19-ից մինչ այժմ մահացածների քանակի վերաբերյալ պաշտոնապես հրապարակվող թիվը պետք է բարձր լինի, մինչդեռ այն, այսօր ՀՀ պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում» հրապարակված տեղեկատվության համաձայն, հունիսի 18-ի ժամը 11-ի դրությամբ ընդամենը 309-ն է, ինչը շատ փոքր ցուցանիշ է ՀՀ-ում նույն պահի դրությամբ COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի (18 698) համեմատ, դրա նույնիսկ 2 տոկոսը չի կազմում: Մինչդեռ, բազմաթիվ երկրներում, ինչպես նաև ողջ աշխարհում COVID-19-ից մահվան դեպքերի քանակը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի համեմատ շատ ավելի բարձր է:

Ահավասիկ. ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի COVID-19-ի վերաբերյալ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող հատուկ կայքում, հունիսի 18-ի ժամը 17:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 8 383 277-ի, նշված հիվանդության հետևանքով մահացել է, ընդհանուր առմամբ, 449 628 մարդ, ինչը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի ավելի քան 5 տոկոսն է կազմում:

Ի վերջո, եթե ՀՀ իշխանությունները, նրանց պատվերով կամ առանց պատվերի, առողջապահության նախարարությունը, մեր երկրի բժշկական համակարգը Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի քանակն ուռճացված ներկայացնելու նպատակ ունենային և իրականի համեմատ ավելի բարձր ներկայացնեին, ապա պաշտոնապես հրապարակվող տեղեկություններում արդեն տևական ժամանակ, որքան հիշում ենք, ապրիլի վերջից հաճախակի չէին նշի, թե ՀՀ-ում արձանագրվել է մահվան այսքան կամ այնքան դեպք, բայց նախօրեին արձանագրվել են նաև մահվան որոշակի թվով դեպքեր, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը, երեկ հիշյալ հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն, 101-ն է:

Հակառակը` կան կասկածներ, որ վերոնշյալ 101 մահվան դեպքերի մի մասը հենց COVID-19-ի հետևանքով է, սակայն իշխանություններն աշխատում են մահվան դեպքերի քանակն իրականից նվազ ներկայացնել:

Միաժամանակ վստահ ենք, որ Հայաստանում մինչ այժմ COVID-19-ի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը` 18 698, չի արտահայտում մեր երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի իրական քանակը, քանի որ 18 698-ը սոսկ հաստատված, թեստով կամ լաբորատոր հետազոտությամբ պարզված դեպքերն են, իսկ քանի-քանի հիվանդներ ընդհանրապես չեն թեստավորվել, չեն հոսպիտալացվել, մինչև իսկ չեն մեկուսացվել, հիվանդությունը տարել են թեթև, ոտքի վրա, տանը, իսկ ոմանք նույնիսկ չեն իմացել, որ հիվանդ են COVID-19-ով, ոմանք այդ առումով ընդամենը կասկած են ունեցել: Այս ամենին առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան