Անկարայի բանակցությունների փոխարեն` Սիրիայի վերաբերյալ առցանց գագաթնաժողով՝ Իրանի հովանավորությամբ

Ինչպես հայտնի է, վերջին պահին չեղարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի (Սերգեյ Լավրով) և պաշտպանության նախարարի (Սերգեյ Շոյգու) այցը Թուրքիա, որտեղ լուրջ բանակցություններ էին սպասում Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակների վերաբերյալ: Ռուսական կողմը ոչ այնքան կոշտ և հստակ բացատրում է այս փաստը: Հունիսի 15-ին Անկարայից անանուն աղբյուրները, անանուն մնալու պայմանով «Reuters» գործակալությանը հայտնել են, որ ռուս նախարարների այցը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ Մոսկվան և Անկարան չեն պայմանավորվել Լիբիայի վերաբերյալ:

Մեզ մոտ, այնուամենայնիվ, ստեղծվել է այլ տպավորություն: Եվ մեր կասկածները հաստատվում են Սիրիայից և Իրանից ստացվող վերջին հաղորդումներից: Նշենք. Իրանի պատվիրակությունը, բայց կրճատված կազմով, հունիսի 14-ի ուշ երեկոյան ժամանել է Անկարա՝ ի դեմս Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի: Հարկ է ակնկալել, որ նույնիսկ եթե ոչ անմիջապես, բայց Զարիֆը, անշուշտ, որոշակի տեղեկություններ կհասցնի ռուսաստանյան իր գործընկերներին: Գուցե նույնիսկ հունիսի 15-ի գիշերն անմիջապես Անկարայից կապ է հաստատել Մոսկվայի հետ և կիսվել է թուրքերի հետ բանակցությունների տպավորություններից: Մենք այդպես ենք ենթադրում՝ հիմնվելով իրանական «Mehr News» գործակալության հաղորդման վրա. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին հունիսի 15-ին տեղի ունեցած ամենշաբաթյա մամուլի ասուլիսին աշխարհին հայտնել է, որ «Աստանայի գործընթացի» շրջանակներում սիրիական կարգավորման երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, առցանց հանդիպում կիրականացնեն Սիրիայի ներկա իրավիճակի վերաբերյալ: Հետևաբար, Զարիֆը Անկարայում հասել է որոշակի արդյունքի, որը Իրանի բարձրագույն ղեկավարությունը համարել է բավարար հիմք՝ եռակողմ խորհրդակցությունները շարունակելու համար: Տեսակոնֆերանսի ռեժիմով դիվանագիտական ​​գագաթնաժողովի ճշգրիտ ամսաթիվը, ըստ Մուսավիի խոսքերի, որոշվելու է նախարար Զարիֆի Ռուսաստան այցի ընթացքում՝ Մոսկվայում ընթացող բանակցությունների արդյունքներից: Ինչպես հայտնի է, Զարիֆի այցը և Լավրովի հետ բանակցությունները արդեն կայացել են:

Իսկ հիմա եկեք հայացքն ուղղենք դեպի Սիրիա: Ինչպես հայտնել է, լիբանանյան «Al-Masdar News» գործակալությունը, հունիսի 14-ին Սիրիայի ՌՕՈՒ ինքնաթիռները ոչնչացրել են ահաբեկիչների շարասյունը Իդլիբի հարավում գտնվող Ջեբել ալ-Զավիա լեռնային շրջանում: Ըստ գործակալության տվյալների՝ «Խուրաս ադ-Դին» խմբավորման զինյալները, որոնք համարվում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության սիրիական մասնաճյուղ, շարժվում էին Դեյր-Սունբուլի և Ալ-Բարաա բնակավայրերի միջև: Օդային հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ, շարքից դուրս են բերվել մի քանի միավոր զրահատեխնիկա և ռազմական տրանսպորտային միջոցներ: «Al-Masdar News»-ի ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ շարասյան կազմում էին նաև Ռուսաստանում արգելված «Թուրքստանի իսլամական կուսակցության» (IPT) ահաբեկչական խնբավորման գրոհայինները, որի մեծ մասը բաղկացած է վարձկան ույղուրներից, Սիրիայի և Իրաքի թուրքամաններից, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի վարձկաններից: Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածից կարճ ժամանակ անց «Խմեյմիմ» ռազմակայանից ռուսաստանյան օդային խումբը, ինչպես նշում է «Al-Masdar News»-ը, մարտ ամսվա սկզբից ամենահզոր հարվածն է հասցրել ահաբեկիչներին Իդլիբ և Համա նահանգների վարչական սահմանի մի քանի շրջաններում: Հաղորդվում է Իդլիբի ռազմաճակատի հարավային հատվածում Ալ-Բարաա շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից հարվածների մասին: Բանն այն է, որ «Հուրաս ադ-Դին» և IPT զինյալները հունիսի 8-ին հարձակում կազմակերպեցին Համա նահանգի հյուսիսում և փորձեցին գրավել Թանջարի շրջանում կառավարական ուժերի հենակետը: Նրանց հաջողվել է ճեղքել սիրիական բանակի պաշտպանական դիրքերը Էլ-Մանարա-Էլ-Ֆաթաթրա գծի վրա, սակայն պատասխան գործողությունների ընթացքում թշնամին հետ է շպրտվել դեպի սկզբնական դիրքերը:

Սիրիական, լիբանանյան և ռուսական աղբյուրներն այդ կապակցությամբ գրել են. «Իդլիբի դէսկալացիոն գոտու հարավային հատվածում իսլամիստական գրոհայինների ակտիվությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ի վիճակի չէ կատարել Մ-4 մայրուղուց (Հալեպ-Լաթաքիա)  հարավ գտնվող տարածքներից, որի երկայնքով, ըստ ռուս-թուրքական պայմանավորվածությունների, պետք է ստեղծվի անվտանգության միջանցք, «սիրիական զինված ընդդիմության մարտիկներին» դուրս բերելու մարտի սկզբին ստանձնած իր պարտավորությունները: Եվ այժմ պարզ է, թե ինչու, ինչպես հունիսի 15-ին հաղորդել է «Al-Masdar News»-ը, սիրիական բարձրաստիճան զինվորական աղբյուրը հաստատել է, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից թուրքերին տրված լրացուցիչ ժամկետը՝ Մ-4 մայրուղուց հարավ գտնվող տարածքներից իսլամիստ մարտիկներին դուրս բերելու համար, ավարտվել է և վերջին օրերին Սիրիայի կառավարական բանակը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Իդլիբ և Համա նահանգների վարչական սահմանի վրա, որտեղ մոտ ապագայում կարող է սկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություն՝ ուղղված այս տարածքը «ընդդիմադիր» և թուրքամետ ավազակներից ազատելուն: «Մենք մասնակցում ենք բարձր մակարդակի համաձայնեցմանը ռուսական կողմի հետ, որը Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրեց այն, որ Մ-4 մայրուղին ապաշրջափակելու համար տրված լրացուցիչ ժամկետը ավարտվել է: Բայց թուրքերը, կարծես թե լուրջ չեն վերաբերվում այս խնդրին»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Լիբանանի և Իրանի աղբյուրները հաստատել են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության շիաների ստորաբաժանումները և իրանական ռազմական խորհրդատուները նույնպես մարտական ​​պատրաստվածության բարձր աստիճանի են բերված: Նրանք մտադիր են ազատագրել Իդլիբ նահանգի բոլոր շիական բնակավայրերը` Ֆուա, Քաֆրայ, Քաֆր-Ռումա և այլն: Այժմ պարզ է, որ Ռուսաստանի պատվիրակության՝ Անկարա այցի խափանման պատճառը հենց Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն էին (ինչպես նաև սիրիական բանակի և շիական աշխարհազորայինների նախապատրաստվող հարձակումը), և ոչ թե Լիբիայում:

Սերգեյ Շաքարյանց