Եթե Հայաստանի հասարակությունը չգտնի արագ լուծումներ, երկիրը կարող է մնալ Փաշինյանի թիմի ապաշնորհ կառավարման փլատակների տակ

Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն ամբողջովին բացահայտեցին իշխանության ռեպրեսիվ դեմքը, սակայն պակաս կարևոր չէ, թե ինչ մոտիվացիայով Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին գնաց վա-բանկ։

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ տասնամյակներով փորձված մեթոդ է, երբ հիմնականում ավտորիտար հակում ունեցող ղեկավարները հատուկ ծառայությունների միջոցով փորձում են սենսացիա բեմականացնել, «տեսարաններ» ստեղծել ու դրանցով հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, մարտահրավերներից։

Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին ճշգրտորեն բացահայտել էր իշխանության քաղաքականության լիակատար ձախողումը, պահանջել էր կառավարության հրաժարական՝ ամբողջ կազմով ու, թերևս, բնական է, թե ինչու նա դարձավ իշխանության ռեպրեսիայի, մասկի-շոուի թիրախը։

Բայց իշխանության հաշվարկներն այս անգամ չարդարացան։ Նախ՝ Գագիկ Ծառուկյանն ունի հանրային բարձր վարկանիշ ու Նիկոլ Փաշինյանն արժանանում է հասարակական ակտիվ դիմադրության, մյուս կողմից՝ ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող մոռացության տալ իրական մարտահրավերները ու դրանք առաջիկա շաբաթներին ամբողջությամբ հառնելու են Փաշինյանի կառավարության առաջ, մանավանդ, որ իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով կորոնավիրուսն ամենևին էլ չի նահանջում ու նոր հակառեկորդներ է արձանագրում։

Էպիդեմիկ ճգնաժամը միանգամայն իրական է դարձրել առողջապահական համակարգի կոլապսը, սոցիալական լարվածությունը արդեն սպառնալիք է ստեղծել երկրի անվտանգության համար։ Երկիրը հայտնվել է վարակի ու սովի ճիրաններում, իսկ կառավարությունը չունի տնտեսությունը վերականգնելու որևէ ռազմավարական ծրագիր ու ավելին՝ իր հակասոցիալական քաղաքականությամբ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը։

Եթե այս ամենին գումարենք նաև արտաքին անվտանգային ռիսկերն ու բոլոր արտաքին գործընկերների հետ ճգնաժամային հարաբերությունները, ապա ստիպված ենք արձանագրել, որ արդեն առաջիկա ամիսներին Հայաստանը կանգնելու է հումանիտար աղետի շեմին։

Եթե Հայաստանի հասարակությունը չգտնի արագ լուծումներ, երկիրը կարող է մնալ Փաշինյանի թիմի ապաշնորհ կառավարման փլատակների տակ։

Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

Եթե Հայաստանի հասարակությունը չգտնի արագ լուծումներ, երկիրը կարող է մնալ Փաշինյանի թիմի ապաշնորհ կառավարման փլատակների…

Опубликовано Hrachya Rostomyan Четверг, 18 июня 2020 г.