ԱԺ-ն քննարկում է Երևանի 10 վարչական շրջաններից «կարմիր գծերի» վերացման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է այսպես ասած «կարմիր գծերի» նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ առաջարկվում է 10 վարչական շրջաններից վերացնել կարմիր գծերը: Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ նորից կարող ենք վերադառնալ այն ժամանակները, երբ կոմունիստական կարմիր թևկապներով մարդիկ ամեն համայնքում կայանման համար ինչ-որ գումար էին ուզում:
Գաբրիելյանը պատասխանեց, որ ավագանու հետ քննարկման արդյունքում իրենք են բացառապես որոշում, որ վարչական շրջանում, որ հատվածներում կլինեն կարմիր գծերը:
«Կա նախնական պայմանավորվածություն, հաշվի առնելով իրենց տեխնիկական հագեցվածությունը, քանի որ պետք է լինեն պարտադիր տեսախցիկներ, բնականաբար, ոչ բոլոր վարչական շրջաններն են վերազինված այդ համապատասխան սարքավորումներով, այս պահի դրությամբ եկել ենք այն եզրակացության, որ 10 վարչական շրջաններում չեն լինի: Իհարկե, կա այդ մտավախությունը, բայց այնպես չէ, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի բոլոր փողոցներում կան կարմիր գծեր, և եթե այդ մտավախությունը Դուք ունեք, այս պարագայում էլ կարող է այնտեղ, որտեղ կարմիր գծեր չկա, հայտնվեն այդ կարմիր թևկապով մարդիկ և փորձեն գումար վերցնել»,- ասաց նա:
Գաբրիլյանն ընդգծեց՝ դա ապօրինի գործունեություն է և բնականաբար քաղաքացիները պարտավոր չեն որևէ մեկին վճարել համայնքային սեփականություն հանդիսացող գոտու համար: «Այսինքն՝ որպեսզի չլինեն այդ «պարկովշիկ» քաղաքացիները, պետք է պարտադիր բերենք բոլոր փողոցների բոլոր հատվածներում կարմիր գծեր գծենք, որ իրենք չլինե՞ն: Չեմ կարծում դա ամենալավ տարբերակն է»,- նշեց նա: