Կփոխհատուցվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ եկամտահարկի գումարներից

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Արդյունքում՝ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Հիմնավորման համաձայն՝ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում` դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Որոշմամբ կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռնվի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված եկամտային հարկի գումարներից: Որոշման նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում: