Կոչ եմ անում բոլորին՝ չկրել կտորի դիմակ, այլ կրել բժշկական դիմակ. Արսեն Թորոսյան

«Տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում բոլորին՝ կտորի դիմակ չկրել, այլ կրել բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավելի է պաշտպանում»։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ տնային դիմակները չի փոխարինում բժշկական դիմակներին:

«Կտորի դիմակ փոխարինելը կարող է միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ և այլ պատճառներով:

Դա շատ կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք ավելի խոցելի խմբին են պատկանում: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է՝ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական դիմակ՝ եռաշերտ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գան արտաշնչելիս և հազալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կարելի է ինքնաշեն դիմակներից օգտվել։ «Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը», – ընդգծել էր կառավարության ղեկավարը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ քաղաքացիները կարող են անգամ սովորական շարֆն օգտագործել դիմակի փոխարեն։