Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կորոնավիրուսով վարակվածությունը հաստատվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում տանելով Նազարբաևի մամուլի ծառայությանը:

Գերատեսչությունում նշել են, որ «անհանգստանալու կարիք չկա», Նազարբաևն այժմ ինքնամեկուսացած է և շարունակում է աշխատել հեռակա ձևաչափով:

Այս շաբաթ Ղազախստանի կառավարության մի քանի անդամներ, ներառյալ վարչապետ Ասկար Մամինը, ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ երկրի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի կորոնավիրուսով վարակվածությունը հաստատվել է:

Նուրսուլթան Նազարբաևը ղեկավարել է Ղազախստանը գրեթե 30 տարի, 2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել: Չնայած նախագահի պաշտոնից հեռանալուն` նա պահպանել է «ազգի առաջնորդի» կոչումը, գլխավորում է Ղազախստանի անվտանգության խորհուրդն ու երկրում իշխող «Նուր Օթան» կուսակցությունը:

Ղազախստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 877 և մահվան 97 դեպք: