Եթե լրագրողների իրավունքները խախտվել են, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի այն հայտարարություններին, թե Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում են, նշեց. «Դա անհեթեթություն է»:

Անդրադառնալով հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողություներին, որի արդյունքում լրագրողները տուժել էին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը։ Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրեր չեմ տեսել, ինչի մասին Դուք հիշտաակում եք: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել: Գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել, զգուշացվել է և խնդրանք է եղել՝ ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացմանը: Եթե լրագրողների իրավունքները խախտվել են, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն»,- շեշտեց նա:

Լրագրողի հարցին՝ կուսակցությունների գործունեությունն արգելող օրենք կբերվի՞ խորհրդարան, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ»: