ԱՄՆ-ում կանխատեսում են դոլարի անկումը 2021թ.. Հայաստանն ու հայերը պատրաստ չեն

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը զբաղվում է իր սեփական «կորոնավիրուսային խաղով», ինչպես նաև սպառնում է ոտնահարել մեր երկրի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, աշխարհում այլ բան է տեղի ունենում, որը ակնհայտորեն տարբերվում է մեր իշխանությունների ակնկալիքներից: Նախ այն մասին, թե ինչ տեղի է ունենում, և թե ինչ  է կանխատեսվում աշխարհում և ԱՄՆ-ում: Հաջորդ տարի ամերիկյան արժույթը (ով չի հիշում՝ դա Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից այդքան սիրված դոլարն է…) կարող է կորցնել արժեքի 35%-ը: Ինչպես հայտարարել է Jackson Institute of Global Affairs ավագ գիտաշխատող Սթիվեն Ռոուչը «Bloomberg Today» գործակալության հրապարակած հոդվածում, դոլարի «անչափ արտոնությունների» դարաշրջանն ավարտվում է: Ըստ տնտեսագետի՝ «Անխուսափելիորեն սպասվում է դոլարի անկումը» հրապարակման,  ԱՄՆ-ին սպասում է բյուջեի դեֆիցիտի աճ, ինչպես նաև սպառողական խնայողությունների անկում: Փորձագետը կարծում է, որ դրա վրա առավելագույն ազդեցություն կունենան Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վեճը և Գերմանիայում ռազմական ներկայությունը կրճատելու որոշումը: Ինչպես նշվում է նյութում, 2020 թվականի առաջին եռամսյակում զուտ ազգային խնայողությունները, որոնք ներառում են տնային տնտեսությունների, ձեռնարկությունների և պետական ​​հատվածի խնայողությունները  մաշվածության (ամորտիզացիայի) աստիճանի ճշգրտումներով, ընկել են ազգային եկամտի 1,4% -ի սահմաններում: Եվ դա ամենացածր ցուցանիշն էր 2011-ի վերջից:

Ռոուչը նախազգուշացնում է, որ դոլարի հիմնական սպառնալիքներից մեկը նախագահ Թրամփի օրոք Ամերիկայի գլոբալ առաջնորդության թուլացումն է: «Նա ոչ միայն ընտրել է անօգուտ ապակառուցողական պայքար Չինաստանի հետ, այլև ներխուժել է գլոբալ կազմակերպությունների և դաշինքների անտառները, որոնք տասնամյակներ շարունակ սատարել են ամերիկյան ազդեցությանը», – նշվում է հրատարակության մեջ: Փորձագետի խոսքով՝ Թրամփը նույնպես միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դեմ համաշխարհային պայքարին՝ թուլացնելով վեճերը լուծելու և առևտրի ընդլայնման ունակությունը։ «Ամերիկան դեռ ունի այդ ծառայությունների կարիքը», – գրում է «Bloomberg»-ի խմբագրությունը: «Թրամփի թշնամանքը կարծես թե առաջնորդվում է ազգայնականությամբ, բայց նման հարձակումները միայն երկարաժամկետ թուլացնում են ազգը»:

Հարկ է նշել, որ Սթիվեն Ռոուչը՝ Յեյլի համալսարանի պրոֆեսոր և Morgan Stanley Asia-ի նախկին նախագահն է: Նա «Անհավասարակշռություն. Ամերիկայի և Չինաստանի փոխկապակցվածությունը» գրքի հեղինակն է:

Այսպիսով, այն, ինչի մասին աշխարհին արդեն շուրջ10 տարի նախազգուշացնում են Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը, և այն, ինչին արդեն 5-6 տարի է, որ սկսել է պատրաստվել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), սկսվելու է հաջորդ տարի: ԱՄՆ դոլարից՝ որպես միջազգային առևտրային գործառնությունների իրականացման հիմնական արժույթից, աստիճանական հրաժարումը մենք չենք հորինել, բայց, ինչպես տեսնում են ՀՀ քաղաքացիները, դա արդեն անխուսափելի է, քանի որ ԱՄՆ-ում ևս սկսել են պատրաստվել միջազգային առևտրային հարաբերություններում դոլարի հեգեմոնիայի վերջին։ Հարց Հայաստանի և հայության համար. արդյոք պատրա՞ստ ենք, գոնե բարոյապես և հոգեպես, այն հեռանկարին, երբ հայերը դոլարի կարիք չեն ունենա: Դատելով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակից` ոչ: Այսինքն՝ Հայաստանը և մենք դատապարտված ենք նոր դժվարությունների և զրկանքների…

Սերգեյ Շաքարյանց