Քաղաքական զարգացումներն ամենևին լավատեսական չեն, իշխանությունը կգնա ավելի կոշտ քայլերի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

Երեկ Ազգային ժողովում քննարկվեց և միայն իշխող խմբակցության մասնակցությամբ հավանության արժանացավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունիզ զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանի դեմ գործ է հարուցվել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մեծաթիվ մարդկանց քվեները գնելու, այլ կերպ ասած ընտրակաշառք տալու մեղադրանքով:

Մինչև այդ էլ նույն կազմով՝ 87 պատգամավորների հավանությամբ Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկել էր Գագիկ Ծառուկյանին: Թե այդ, թե հաջորդ քվեարկությանը խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել:

Երեկ տեղի ունեցածը հաղորդման հյուրերը դիտարկեցին որպես քաղաքական գործընթաց ու քաղաքական հետապնդում, այլ ոչ թե իրավական գործընթաց, ինչպես պնդում են «Իմ քայլը» խմբակցության անդամները և իշխող խմբակցության աջակիցները: Նկատեք, որ մինչ ընդդիմությունը պնդում է, որ այս ամենը սկսվեց ԲՀԿ քաղխորհդի նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդի հայտնի հայտարարությունից հետո, թե կառավարության կազմը 100 տոկոսով ենթակա է փոփոխման, քանի որ ձախողել է համաճարակի դեմ պայքարը, վարչապետի մամուլի քարտուղարի և իշխող խմբակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ Ծառուկյանը նախապես տեղեկացված էր իրեն ներկայացվող մեղադրանքներից, այդ պատճառով նման համարձակ հայտարարություն արեց՝ քաղաքական հետապնդման տպավորություն ստեղծելով: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ ԱԺ-ում ևս հայտնեց, թե իրավական գործընթացը՝ նյութեր, ապացույցներ, փաստերի որոնումներն սկսվել էին դեռ փետրվարից:

Բայց ամեն դեպքում տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քայլերը սկսվեցին հենց նրա հայտարարությունից հետո։ Պարոն Ծառուկյանի այդ հայտարարությունից օրեր անց Նիկոլ Փաշինյանի թերթը հրապարակեց զանգվածային բռնաբարության մասին քրեական գործի վերաբերյալ տեղեկություն՝ չնշելով, որ դատարանն արդարացնող որոշում է կայացրել, ինչի համար Ծառուկյանի փաստաբանները հայց են ներկայացրել թերթի նկատմամբ:

Մինչև դա էլ բավական էր ԲՀԿ-ից որևէ կոշտ հայտարարություն հնչեր, անմիջապես ուսումնասիրություններ էին սկսվում Գագիկ Ծառուկանի անվան հետ կապվող արտադրություններում, բիզնես կառույցներում:

Հաղորդման հյուրերը խոսեցին նաև երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին լրագրողների նկատմամբ՝ ասելով, որ դրանով իշխանություններն ապացուցեցին, որ իրավապահ համակարգն օրվա իշխանությունների գործիք է միայն, և եթե հարկ եղավ, այն կգործի թավշյա մեթոդով, եթե հարկ եղավ, ապա բռնություն կկիրառի։

Մանրամասները՝ տեսանյութում