ԲՀԿ-ը ցանկանում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել:

Այսօր խորհրդարանում այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

«Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է ձևավորել քննիչ հանձնաժողով, որպեսզի այս ոլորտի պատասխանատուները գան պատասխանատվության, ներկայացնեն իրական վիճակագրական տվյալները»,- ասաց Էնֆիաջյանը:

Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ 10 օր առաջ «Բարգավաճ Հայաստանը» գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որպեսզի պարզի, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ միջոցառումներ է իրականացրել, ինչպիսի կապ է հաստատել միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված ֆինանսական միջոցներն ինչ նպատակի են ծառայեցվել:

Հայաստանում հունիսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 033 դեպք, որոնցից 6 814-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 818 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 87 600 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 302 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 99 դեպք, երբ բուժառուները ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։