Վերաքննիչ դատարանում կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 17-ին, ժամը 13։30-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Այս մասին  Քոչարյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել։

Հունիսի 15-ի դատական նիստին Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Այնուհետև նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին ներկա չէր Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով ևս պետք է ներկայացներ իր վերաքննիչ բողոքը։ Բացի դրանից՝ տուժող կողմը չէր ստացել վերաքննիչ բողոքները, ուստի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմը կտրամադրի տուժող կողմին բողոքների օրինակները։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։