ԲՀԿ-ն արտակարգ իրավիճակում հավաքների ազատությունը սահմանափակելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել

ԲՀԿ-ն ստորագրահավաք է նախաձեռնել արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցով ՍԴ դիմելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ-ն երկու նախաձեռնությամբ է հանդես գալու․ մեկը՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն է, մյուսը դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը որոշելու հարցով»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը կոչ արեց ԼՀԿ գործընկերներին միանալ իրենց՝ անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքելու համար։

Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33։

«Մենք բանակցությունների մեջ ենք մեր գործընկների հետ, հուսով եմ և վստահ, որ կարող ենք այս նախաձեռնությունները կյանքի կոչել», – ասաց նա։