Փաշինյանն ու նրա իշխանությունն են տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն

Գագիկ Ծառուկյանն այս առումով դեռ նույնիսկ մեղմ է արտահայտվել:

Փաշինյանի հերթական ստերը նոր կորոնավիրուսի համավարակի առնչությամբ և ճշմարտությունը մեր հասարակությունից թաքցնելը, առնվազն, որպես երկրի ղեկավար, իրականությունից երես թեքելը, այն համարժեք չգնահատելը և դրանից բխող համապատասխան քայլեր չկատարելը Հայաստանը հաստատուն կերպով և անշեղորեն տանում են դեպի կործանում:

«Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով ձախողված է, բայց Փաշինյանը հրաժարական տվողը չէ» վերտառությամբ երեկվա մեր վերլուծականում ներկայացրել էինք հունիսի 11-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետևյալ հայտարարությունը

«Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանի կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես:

Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի՞ պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում… Այո, ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի իմ նշած բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունը ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Փաշինյանի վերը մեջբերված հայտարարությունը ներկայացնելով, միաժամանակ նշել էինք, որ ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը դարձյալ ստում է իր այս հայտարարությամբ, քանի որ անտեսում է, թե նշված երկրների բնակչության թվաքանակի հաշվառմամբ, քանի հարյուր մարդուն է մեկ հիվանդ բաժին ընկնում, Հայաստանում` քանի: Նաև խոստացել էինք Փաշինյանի այս հայտարարության սուտ լինելը փաստերով ու թվերով ներկայացնել մեր առաջիկա հրապարակումներից մեկով, ինչը և հիմա անում ենք:

ՀՀ պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում» այսօր հրապարակված տեղեկատվության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հունվարի 16-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ի 425 նոր դեպք, ապաքինվել է ևս 295 մարդ, արձանագրվել է մահվան 8 դեպք, իսկ մինչ նշված պահը ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը հասել է 17 489-ի:

ՀՀ բնակչությունն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, կազմում է 2 956 900 մարդ: Դժվար չէ ՀՀ բնակչության վերոնշյալ թիվը բաժանել Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակի (17 489) վրա ու համոզվել, որ մեր երկրի յուրաքանչյուր 169 բնակչի հաշվով կա նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 1 դեպք:

Փաշինյանի նշած երկրներից, օրինակ, Ռուսաստանում, ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի COVID-19-ի վերաբերյալ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող հատուկ կայքում, հունիսի 16-ի ժամը 14:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 544 725:

Росстат-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՌԴ բնակչությունը 2020թ. դեռ հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 146 748 590 մարդ: Հիմա թվաբանական նույն գործողությունը կատարենք` ՌԴ բնակչության թվաքանակը բաժանելով այնտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի (544 725) վրա ու համոզվենք, որ ՌԴ բնակչության յուրաքանչյուր 269 բնակչի հաշվով կա նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 1 դեպք: Այսինքն` մինչ վերոնշյալ պահը Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, մեր երկրի բնակչության քանակը հաշվի առնելով, ավելի քան մեկուկես անգամ ավելի շատ է, քան ՌԴ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը:

Ֆրանսիայի բնակչությունը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր ավելի քան 67 մլն մարդ (տես` այստեղ): Հիշյալ համալսարանի նույն կայքում հունիսի 16-ին, ժամը 14:33-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, Ֆրանսիայում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 194 305: Բնակչության քանակը` 67 միլիոնը բաժանելով 194 305-ի վրա, տեսնում ենք, որ Ֆրանսիայում յուրաքանչյուր 344 բնակչի հաշվով կա COVID-19-ի հաստատված 1 դեպք, այսինքն` Հայաստանի համեմատ ավելի քան երկու անգամ քիչ:

Արագորեն աճող Գերմանիայի բնակչությունը 2019թ. ավարտին կազմել է 83 200 000 մարդ (տես` այստեղ, պարզ է, որ այն հիմա ավելին է, սակայն մեր հաշվարկի համար հիմք կընդունենք նշված թիվը: Այն բաժանելով Գերմանիայում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի` 188 213-ի վրա (դարձյալ ըստ հիշյալ համալսարանի նույն կայքում հունիսի 16-ի ժամը ժամը 14:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության), կստանանք 442, այսինքն` Գերմանիայի յուրաքանչյուր 442 բնակչի հաշվով է արձանագրվել COVID-19-ի հաստատված 1 դեպք, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ավելի քան 2.5 անգամ գերազանցում է Գերմանիայի ցուցանիշին:

Ընդգծենք, որ վերոնշյալի առումով ՀՀ ցուցանիշները խայտառակ կերպով գերազանցում են նաև Անդրկովկասի մեր հարևանների` Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներին, համապատասխան փաստերը կներկայացնենք մեկ այլ վերլուծականով:

Այս հոդվածը այլ թվերով ու համեմատություններով չծանրաբեռնելու նպատակով, այժմ դեռ չենք նշում նաև Փաշինյանի նշած մյուս երկրների համապատասխան ցուցանիշները, հարկ եղած դեպքում դրանց կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ, սակայն, կարծում ենք, որ բերված թվերը, փաստերը, կատարված համեմատությունները լիովին բավարարեն համոզվելու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հերթական անգամ ստում էր, թե «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ»:

Ինչո՞ւ է Փաշինյանը ստում… Շատ պարզ պատճառով` փորձում է թաքցնել իր և իր իշխանության վարած հանցավոր քաղաքականության հետևանքները, Հայաստանի ցուցանիշների մեծ գերազանցումն աշխարհի նշված և այլ երկրների համապատասխան ցուցանիշներից, դրանց` սպասվող աղետի մասին հուշող բնույթը, ՀՀ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի նման մեծ քանակ ունենալու մեջ իր և իր իշխանության մեծ, ահռելի մեղքը, քանի որ Հայաստանում ներկայիս իրավիճակի առաջին և հիմնական պատասխանատուն հենց ինքն ու իր ղեկավարած իշխանությունն են:

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին շատ հանրամատչելի բացատրեցին, թե ինչ է սպասվում Հայաստանին մոտ 3 ամիս հետո` տնտեսական ահավոր ճգնաժամ, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում ու նույնիսկ սով… Ասացին, որ Հայաստանի մոտ 100 000 բնակիչներ համավարակով պայմանավորված իրավիճակի հետևանքով այս տարի չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի, որ հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ 2020թ. Հայաստան չեն եկել ու չեն գալու, ինչը նույնպես մեծ հարված է մեր երկրի բյուջեին ու բոլորիս սոցիալ-տնտեսական վիճակին և այլն, և այլն:

Չմոռանանք նաև, որ նրանք, ովքեր դեռ անցյալ տարի ու մինչև այս տարի սահմանների փակումն էին մեկնել Ռուսաստան և այլ երկրներ արտագնա աշխատանքի, այնտեղ տնտեսական սահմանափակումների, չաշխատելու, աշխատանքային պայմանների վատացման հետևանքով կամ դրամական փոխանցումներ չեն կատարում այստեղ գտնվող իրենց ընտանիքներին ու հարազատներին, կամ, նախկինի համեմատ, էապես քիչ գումարներ են կարողանում ուղարկել, ինչը նույնպես ՀՀ ներքին իրավիճակի վրա առաջիկայում առավել լուրջ հետևանքներ է ունենալու:

Ավելորդ չենք համարում մեջբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից վերոնշյալի առումով բնութագրական մի հատված.

«Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։

Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով»։

Մնում է միայն հավելել, որ Գագիկ Ծառուկյանը դեռ նույնիսկ մեղմ է արտահայտվել:

Արթուր Հովհաննիսյան