Վրացի հայրենասերներ. «Ադրբեջանը բացահայտ, առանց կռվի օկուպացնում է Վրաստանի տարածքը»

Յուրաքանչյուր նոր շաբաթ անհանգստացնող և երկիմաստ լուրեր է բերում Վրաստանից: Եվ մենք չենք կարող ասել, որ այս լուրերը չեն արտացոլում Վրաստանի և ողջ Անդրկովկասի օբյեկտիվ խնդիրները: Դժբախտաբար արտացոլում են, քանի որ դեռևս XX-րդ դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ի և Իսրայելի իշխող վերնախավերի որոշ շրջանակները «որոշել են», որ մեր տարածաշրջանը «նեո-պանթուրքական պլանների» «մեկնարկի հարթակ» է, և հենց Թուրքիան է «հովանավորելու» Անդրկովկասը՝ պահպանելով Վրաստանի, Ադրբեջանի և նույնիսկ մեր Հայաստանի «կեղծ անկախությունը»: Իրականում, Վաշինգտոնի և Թել Ավիվի հենց այս պլանի համաձայն ժամանակին մի ամբողջ արշավ էր սկսվել «հայ-թուրքական սահմանը բացելու» ուղղությամբ, քանի որ միայն Հայաստանն էր հանդես գալիս որպես բնական, օբյեկտիվ խոչընդոտ ԱՄՆ-ի և Իսրայելի այս մարդատյաց ծրագրի իրականացման համար:

Բայց եկել է 2020 թվականը: Եվ մենք տեսնում ենք, որ նույնիսկ Վրաստանում հասկացել են. իրենց՝ վրացիների համար պատրաստում են Թուրքիայի և նրա հետևում եղած շրջանակների անխոս ստրուկների ճակատագիրը: Մենք արդեն գրել ենք, որ «կովկասյան թաթարների» կողմից Դավիթ Գարեջո վանքը օկուպացնելու պատճառով վրաց-ադրբեջանական սահմանին տարբեր սրացումներ են սպասում: Եվ ահա ևս մեկ ապացույց, որ նույնիսկ վրացիներն են սկսել սթափվել նախորդ տասնամյակների սխալներից: «Վրացական գաղափար» շարժման առաջնորդ Լևան Չիչուան, որը վերջին ամիսներին աչքի է ընկել որպես ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկը, վերջերս ծավալուն հարցազրույց է տվել «Վրաստան և աշխարհ» պարբերականին: Եվ բացարձակապես քննադատել է վրացական իշխանություններին ու Ադրբեջանին: Ըստ նրա խոսքերի՝ ադրբեջանցիները փորձում են իրենց կապել «կովկասյան աղվանցիների» (Աղվանք) հետ, կարծես նրանք ընդհանուր բան ունեն աղվանական մշակույթի հետ: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իր երկրի անցյալը կապել կովկասյան Աղվանքի հետ, ինչը սուտ է և կեղծիք: «Աշխարհում ոչ մի գիտնական չի ընդունում աղվանցիների կապը ադրբեջանցիների հետ,- շեշտել է Չիչուան:- Բոլորը գիտեն, որ աղվանցիները բնակվելեն Ադրբեջանի ներկայիս տարածքում, նրանք ուղղափառ էին, նրանք ունեին անկախ պետություն՝ ավտոկեֆալ [անկախ] եկեղեցիով և գրագրությամբ: Մեծ մշակույթ ունեցող ժողովուրդը իր գոյությունն ավարտել է 5-րդ դարում: Ուղիղ 100 տարի անց Վրաստան են ժամանել ասորական վանականները, և «ասես թե՝ մարգարիտներ  են ցրվել Վրաստանով մեկ… Դրանցից մեկը Դավիթ Գարեջելին էր, ով ժամանել էր Գարեջո, վանք հիմնել, միավորել համախողներին և ձևավորել էր մեծ վանական համալիրներ՝ վանքի ճարմանդներով: Այսօրվա ադրբեջանցիները ոչ մի ընդհանուր բան չունեն աղվանցիների հետ, առավելևս՝ Դավիթ Գարեջո վանական համալիրի հետ»:

Այսպես թե այնպես, «Կովկասյան Ալբանիայի» (Աղվանքի) էության և Դավիթ Գարեջո վանքի պատկանելության մասին խոսելիս քաղաքական գործիչ Լևան Չիչուան արագորեն անցում կատարեց այն բանի նկարագրին, թե ինչ է այժմ կատարվում տարածաշրջանում. «Ադրբեջանցիները աննեքսիայի են ենթարկել Վրաստանի տարածքը, նրանք զորամասեր են տեղակայել մեր երկրի տարածքում, սա կոչվում է օկուպացում: Ռուսաստանը այդպիսի բան չի արել, մենք պայքարել ենք Ռուսաստանի դեմ և պարտություն կրել, սակայն Ադրբեջանի դեպքում կապիտուլյացիա ենք հայտարարել: Մենք ունենք դավաճանական և կոռումպացված իշխանություն: Ադրբեջանն առանց պատերազմի և մարտերի օկուպացնում է Վրաստանի տարածքը: Մենք՝ վրացիներս, գործ ունենք ոչ թե Ադրբեջանի և նրա նախագահի հետ, ով գործում է իր երկրի շահերից բխելով: Նա ունի ռազմավարություն և ծրագիր. նա գնում և ձեռք է բերում իր համար հարմար օբյեկտներ: Այսպես է վարվում իր երկիրը սիրող ցանկացած ղեկավար: Բայց ի՞նչ են անում մեր դավաճան կառավարիչները փողի համար, սև փողի համար: Այն, ինչ նրանք անում են իրենց հայրենիքի նկատմամբ, դավաճանություն է: Իշխանությունը, որը հանուն փողի զիջում է երկրի ռազմավարական, մշակութային տարածքը, պատժվելու է: Կգա ժամանակը և իշխանությունների մեղքը ապացուցվելու է, ու նրանք չեն կարող խուսափել ցմահ բանտարկությունից»: Միևնույն ժամանակ, իհարկե, պարոն Չիչուան դեռևս շատ զգույշ է. այսինքն՝ նա նույնպես չունի հստակ քաղաքական դիրքորոշում, և նա «ժողովրդավարություն ու բազմամշակույթ է խաղում»․ «Մենք ասում ենք, որ եկեղեցին և ժողովուրդը երբեք չեն զիջի Դավիթ Գարեջոն, սակայն դա չի նշանակում երկու ժողովուրդների միջև հակամարտության հրահրում: Նա, ով այդպես է մտածում, նույնպես դավաճան է: Սակայն Ադրբեջանի պահվածքը խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիան և միջազգայնորեն ճանաչված բոլոր կոնվենցիաները: Դավիթ Գարեջոն բաց վերք է մեր ժողովրդի մարմնին: Ես շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցին չի զիջում դիրքերը: Մենք՝ համախոհներս, շատ շատ էինք Դավիդ Գարեջոյի հիշատակի օրը, մենք ներկա էինք եղել ծեսին, հանդիսավոր ընթրիքին… Բայց հավատացյալներին թույլ չեն տվել գնալ եկեղեցիներ, այս կողմում կանգնած էին վրացական զինվորականները, մյուս կողմից՝ ադրբեջանական ստորաբաժանումները»:

Ահա այդպիսի կրքեր են այժմ եռում Վրաստանում: Լևան Չիչուայի հարցազրույցի բուռն ավարտը շատ բանի մասին է խոսում. «Դավիթ Գարեջոն մերն է, և վրացիները երբեք չեն զիջի այն. դա պետք է իմանան և Սահակաշվիլին, և Իվանիշվիլին, և Ալիևը: Վրացիները Դավիթ Գարեջոն չեն փոխանակելու որևէ բնական գազի, նավթի և փողի դիմաց… Պատրիարքարանը և մետրոպոլիտները կարող են մարդկանց ճշմարտությունը ասել և բոլորին հորդորել, որ չի կարելի զիջել այն, ինչը սրբություն է համարվում: Վրացիները ոչ մի բանի հետ չեն փոխելու իրենց հոգևոր հիմքերը, իրենց մշակութային անցյալը: Ընտրություններին մերժելով դավաճան քաղաքական գործիչներին, մենք այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական ուժերին կհասկացնենք, որ հայրենիքը չի վաճառվում: Զարմացած եմ այսպես կոչված «եվրոպական ռազմավարական գործընկերներից», ովքեր հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ և լռում են Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Չէ՞ որ նրանք տեսնում են, որ տեղի է ունենում Վրաստանի տարածքների բացահայտ,  առանց կռվի օկուպացում… Ես դիմում եմ Ամերիկայի և մեր երկրում գործող այլ երկրների դեսպանություններին. ինչո՞ւ եք լռում Ադրբեջանի կողմից իրականացված վանդալ պահվածքի և աննեքսիայի վերաբերյալ: Եթե ​​տեսնում եք հյուսիսից ձգվող փշալարը, ապա ինչո՞ւ չեք տեսնում Ադրբեջանի կողմից վրացական սրբավայրերի օկուպացումը»: Քաղաքական գործիչ Չիչուայի վրդովմունքը հասկանալի է: Եվ եթե զուգահեռներ անցկացնենք Հայաստանի հետ, կտեսնենք, որ մենք ևս ունենք ազգին դավաճանելու և թշնամիներին վաճառվելու պատրաստ շրջանակներ: Ցավալի է, որ Հայաստանում նույնիսկ չկա այդպիսի Չիչուա, որը հրապարակայնորեն հորդորում է չզբաղվել Հայրենիքի և հոգևոր մշակույթի վաճառքով…

Սերգեյ Շաքարյանց