Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով «Աստանայի եռյակի» առցանց գագաթնաժողով կանցկացնեն. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են «Աստանայի եռյակի» առցանց գագաթնաժողով անցկացնել Սիրիայի հարցով, իսկ երբ պայմանները թույլ տան, տեղի կունենա նաև երեք երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

««Աստանյան գագաթնաժողովը» մենք սկզբում կանցկացնենք վիրտուալ ձևաչափով, իսկ հետո կանցնենք դեմ առ դեմ ձևաչափին: Ես այսօր ստացել եմ պարոն Լավրովի համաձայնությունը վիրտուալ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, երեկ էլ համաձայնություն եմ ստացել Թուրքիայի արտգործնախարարից, այնպես որ, երեք երկրների ղեկավարները վիրտուալ ձևաչափով գագաթնաժողով կանցկացնեն»,- ասել է Իրանի արտգործնախարարն իր ռուս գործընկերոջ հետ անցկացրած բանակցություններից հետո:

Նշենք, որ  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

«Աստանայի եռյակը» Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից բաղկացած խումբ է, որը ստեղծվել է 2017-ի հունվարին Աստանայում կայացած բանակցություններից հետո: Այս խմբի նպատակը Սիրիայում ռազմական հակամարտության կարգավորումն է: Այս խումբն Աստանայում 2017-ի հունվարին կայացած բանակցությունների ընթացքում կնքված միջոցառումների երաշխավորն է: