Թրամփը հայտարարել է, որ իր նախկին խորհրդական Բոլթոնը հուշեր հրատարակելու դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարող է օրենքով պատասխանատվության ենթարկվել, եթե իր պաշտոնավարման ժամանակահատվածի հուշերի վերաբերյալ գրված գիրքը հրատարակի:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Թրամփը պարզաբանել է, որ Բոլթոնն իր գրած գիրքը սահմանված ընթացակարգով ստուգման չի ներկայացրել, իսկ օրենքը դա նախատեսում է ցանկացած նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից գրված գրքի դեպքում, քանի որ այդ անձինք գաղտնի տեղեկատվության են տիրապետում:

«Ինձ հետ՝ որպես նախագահի, տեղի ունեցած ցանկացած խոսակցություն ես գաղտնի տեղեկատվություն եմ համարում: Եթե Բոլթոնն իր հուշերը ներկայացնող գիրքը հրատարակի, կխախտի այդպիսով օրենքն ու քրեական պատասխանատվության կենթարկվի», – նշել է Թրամփը:

Բոլթոնի հեղինակած գիրքը պետք է հրատարակվի հունիսի 23-ին: Այն, ըստ հրատարակողների տարածած հաղորդագրության, ներքին տեղեկատվություն է պարունակում Թրամփի «անհետևողական, ցաքուցրիվ որոշումներ կայացնելու» վերաբերյալ: