Ես այս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ, շահի համար անողը թող թուրք, ադրբեջանցի լինի, թող դավաճան լինի. Գագիկ Ծառուկյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող գործը որակում է շինծու: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:

Ծառուկյանի կարծիքով՝ այս գործընթացները հետևել են հունիսի 5-ին ԲՀԿ քաղխհորդի նիստում իր հայտարարությանը և կապված են դրա հետ:

«Ընտրակաշառքի թուղթ են գտել: Ծառուկյանը գումար տվե՞լ է: Կա՞ այդպիսի ապացույց: Մարդու գլխին գործ են սարքում, մարդուն չեն հարցնում, չկա այդպիսի մարդ, որ ես տված լինեմ: Կա՞ մեկը, որ ասում է Ծառուկյանն այդ գումարը տվել է ինձ, տանեմ կաշառք տամ: Գնացեք իրեն հարցրեք: Մի անգամ հարցնեիք, նոր ընդդիմության ղեկավարին բերեիք: Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես այս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ, շահի համար անողը թող թուրք, ադրբեջանցի լինի, թող դավաճան լինի»,-ասաց Ծառուկյանն ու կարծիք հայտնեց, թե ինքը պարզապես իշխանությանը խանգարել է՝ իրականությունը ներկայացնելով:

«Առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, 1/3-րդը տվել եմ, հրավիրել է, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, բոլոր հարցերով ցանկացել եմ աջակցել, որ ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա»,-ասաց ԲՀԿ ղեկավարը հավելելով, որ  իշխանությունը չի արդարացրել սպասումները, ժողովրդին տված խոստումները չեն կատարվել:

«Ժողովրդի 80-90 տոկոսը հավատում էր Ձեզ, հեղափոխությանը, բայց այսօր իսկի 5 տոկոսն էլ չի հավատում, փորձեք, բացի այդ ֆեյքերից, գնացեք իրական կյանք նայեք: Եթե Ծառուկյանը Ձեզ խանգարել է, ապա ավելի շատ է խանգարելու՝ իրականությունը ներկայացնելով: Այն, որ ասում էիք, թե ժողովրդի ընտրյալն եք, դե դուրս եկեք, չեք աշխատել, ժողովրդին խաբել եք, հո դատարկ-դատարկ խոսելով չի՞: Արցախի հարցով այսքան խոսում եք, որևէ մեկը բանակցությունների ժամանակ չհելավ հարցը դներ, որ մեզ անհրաժեշտ է  միջազգային ճանաչում, փոխարենը՝ Փաշինյանն ասում է, թե՝ սուրճ ենք խմել, չենք քննարկել, եղբայր, ամոթ է, այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք քննարկելու, պետք է դրանք լուծի նա, ով կարողանում է: Ժողովրդին ֆռռացնում եք, բայց գալու է, չէ՞, ժամանակը, այսինքն՝ եկել է: Մենք այսօր հանրահավաք չենք կատարել, բայց երբ արտակարգ իրավիճակն ավարտվի՝ արվելու է: Հեղափոխության ժամանակ երկու երեխա ճանապարհ էին փակում, ոստիկանները նրանց չէին տանում, մտաք Ռադիոտունը գրավեցիք, դուռը ջարդեցիք, ձեզանից որևէ մեկին չբռնեցին, բայց այսօր 500 մարդ են բռնել տարել բաժին: Այ, եթե հիմա պատասխանեք ժողովրդին, ձեր հպարտ ցավը տանեմ, ունեք հպարտ քաղաքացիներ ու բոլորի պատասխանը պետք է տաք: Ամոթ է, սուտ ասելը դա մասնագիտություն չէ, ձեր ցավը տանեմ, ինչո՞վ եմ ձեզ խանգարել, բացի աջակցելուց ու օգնելուց»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը գոհ չէ նաև համավարակի ընթացքում իշխանության ձեռնարկած քայլերից, վարած արտաքին քաղաքականությունից:

«Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար: Ջավադյանին հարցրեք, Փաշինյանին հարցրեք, որ տնտեսական հեղափոխություն լինի: Տնտեսական հեղափոխություն չի լինում»,-նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը շեշտեց՝ ինքն այսօր ընդամենը սեփականատեր է, բոլոր կառույցները կառավարվում են: «Բայց ես ինչ կապ ունեմ կառավարման հետ: Խնդիր, հարց կա, տվեք, կպատասխանեմ»,-ասաց Ծառուկյանը:

«Ես պատրաստ եմ ցանկացած հարցի, ցանկացած խնդրի: Օրենքը բոլորի վրա է ազդում: Բայց շինծու գործն ամոթ է: Ես պատրաստ եմ: Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք»,-նշեց նա: