Շարունակական լռություն պահպանելով՝ Արմեն Սարգսյանն արդեն զրկել է իրեն ապագայում հայ ժողովրդի պատմության մեջ որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից. «Ադեկվադ»

«Ադեկվադ» միաբանության անդամները հայտարարություն են տարածել, որում գրված է. «Քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամները, ովքեր, ի երախտագիտություն նախագահ Արմեն Սարգսյանի լռակյաց պահվածքի, միմյանց հետ չհամաձայնեցված լռության ուխտ են կատարել:

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը՝ արձանագրում ենք, որ օտարկերկրյա շահերի ներկայացվածությունը՝ ի դեմս ներկայիս իշխանությունների և նախագահ Արմեն Սարգսյանի, ազգային անվտանգության սպառնալիք է: Շարունակական լռություն պահպանելով՝ Արմեն Սարգսյանն արդեն զրկել է իրեն ապագայում հայ ժողովրդի պատմության մեջ որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից: Լռել ես մինչ այս, լռիր հետայսու:

Եվրատլանյան դաշինքի տարածաշրջանային շահերի սպասարկման գրասենյակի վերածված նախագահական նստավայրը բոլոր այն արատավոր երևույթների հանգույցն է, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի հայկական պետության հետագա գոյության և կենսունակության պահպանման համար»: