Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 017 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 436 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 140 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 162 հազար 261 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 117 հազար 858 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 867 հազար 882-ի, մահերինը՝ 43 հազար 389-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 537 հազար 210 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 091 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 333 հազար 255 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 9 հազար 524:

Մեծ Բրիտանիայում առկա է 295 հազար 889 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Մահերի թիվը կազմում է 41 հազար 698: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 291 հազար 008, մահերինը՝ 27 հազար 136: Իսպանիաին հաջորդում է Իտալիան, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային, Իրանին և Պերուին: Իտալիան առանձնանում է 236 հազար 989 ընդհանուր, 34 հազար 345 մահվան դեպքով:

Պերուում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 736 է: Մահացության ցուցանիշը կազմում է 6 հազար 688: Վարակվածների ընդհանուր թվով Պերուին հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 9-րդ տեղում:

Իրանում առկա է 189 հազար 876  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 950 մարդ: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 187 հազար 671-ի, մահացածներինը՝ 8 հազար 870-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 239 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 807 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Այստեղ վարակի 49 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 181 է, որից ապաքինվել է 78 հազար 370-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: