Այսօրվանից Շենգենյան գոտու սահմանները բացվում են

Կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի սահմանները փակ մնացին ընդհանուր առմամբ երեք ամիս։ Այսօրվանից՝ հունիսի 15-ից արդեն Շենգենյան սահմանները վերաբացվում են: Տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Մուտքի սահմանափակումները որոշել են վերացնել Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեյցարիան և այլն:

Իհարկե, խոսքը միայն Շենգենյան գոտու ներքին սահմանների մասին է: Սա նշանակում է, որ մուտքը բաց կլինի միայն եվրոպացիների համար, և նույնիսկ այդ դեպքում՝ ոչ բոլորի համար:

Ինչ վերաբերում է Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներին, ապա նրանց համար սահմանափակումները դեռ գործում են: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն  միայն հուլիսին:

«Մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք բացել ներքին սահմանները: Սա Եվրահանձնաժողովի առաջարկությունն է, և շատ երկրներ համաձայնել են»,- ասել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Այնուամենայնիվ, Իսպանիան, օրինակ, որոշել է սահմանափակումները վերացնել միայն հունիսի 21-ին, իսկ Հունաստանում սահմանները չնայած բաց կլինեն այսօրվանից, այնուամենայնիվ, կարանտինը կշարունակի մնալ ԵՄ երկրների քաղաքացիների համար, որտեղ համաճարակն առավել տարածված է:

Հիշեցնենք, որ Շենգենյան համաձայնագիրը ստորագրվել է 1985 թվականին, բայց այն ուժի մեջ է մտել 10 տարի անց: Այսօր Շենգենյան գոտին ներառում է 26 պետություն, որում ապրում է 420 միլիոն եվրոպացի: