Այս պրոցեսը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում. Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի մասին

Ծառուկյանի նկատմամբ քրեական գործերը հարուցվել են մինչև Կառավարության փոփոխության հետ կապված նրա հայտարարությունները: Այս պրոցեսը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների, հարցաքննման, տան խուզարկության մասին:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե պայքարելու է մինչև վերջ, տեղին չէ, քանի որ գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի: «Քրեական գործը թող շարունակվի, եթե քաղաքական առումով գտնում է, որ պետք է պայքարի, թող պայքարի, իր խնդիրն է»:

Ծառուկյանին հարցաքննելու, տան խուզարկության մասին Սիմոնյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ որևէ քաղաքական որոշում չի կայացվել այդ առումով: «Մենք այդ մասին իմացել ենք Արման Աբովյանի տեսանյութից, ոչ թե խորհրդի նիստ ենք արել, վիրավորական արտահայտություններ ենք արել, հիստերիկություն ենք արել, ինչպես անում էին պարոն Ծառուկյանի գործընկերները: Կա իրավական գործընթաց, որը շարունակվում է և շարունակվելու է»:

Ըստ նրա՝ եթե իրավական համակարգն ունի կոնկրետ հաշվետվություն 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասով, չէին կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թուղթը պատռենք, հետ գցենք:

Անդրադառնալով այն հարցին, թե Ալեն Սիմոնյանը նախկինում արել է արտահայտություն, թե բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի գործելաոճը, վերջինս նշեց, որ դա համակրանք համարել չի կարելի, քանի որ հայտարարությունը եղել է 2012 թվականին, երբ նա ասել է՝ Սերժ Սարգսյանի հետ կարող է մի ուժ պայքարել, որը Գագիկ Ծառուկյանն է: «Ես հիմա դա կրկնում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը 2012 թվականին որոշեր, որ ինքը կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, ապա նա իր համակարգով կարող էր անել»: