ԱՄՆ «մերկացնելու է» Չինաստանին կամ Չինաստանը ոչնչացնելու է դոլարը

Միացյալ Նահանգները և Չինաստանը կարող են խոսքերից անցնել փողին կամ նույնիսկ ուղղակի ռազմական գործողությունների: Կորոնավիրուսային համավարակի պատճառով առճակատումը սպառնում է նրանց միջև հարաբերությունները տեղեկատվական հարթակից տեղափոխել խրամատայինի: ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է «Covid-19»-ի հասցրած վնասի փոխհատուցում, իսկ Չինաստանը ի պատասխան վախեցնում է իրեն պատկանող տրեժերիսի (ԱՄՆ պետական արժեթղթեր) դուրսբերմամբ: Ամբողջ աշխարհում ներդրողներն ահազանգում են… Ոմանք հիմա կարող են հայտարարել, թե Հայաստանին դա չի վերաբերում: Բայց նման դիրքորոշումը կոպիտ սխալ է, ժամանակն է հասկանալ, որ այնպիսի գերտերությունների միջև բախման վտանգը, ինչպիսիք են ԱՄՆ և Չինաստանը,  վատ կվերջանա ամբողջ մոլորակի համար, իսկ Հայաստանն առայժմ այս մոլորակի վրա է…

Ըստ Reuters գործակալության տվյալների՝ Չինաստանի հատուկ ծառայությունները վերլուծական զեկույց են պատրաստել ԱՄՆ-ի հետ պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության վերաբերյալ: Թեժ, իսկական պատերազմի: Ճիշտ է, գործակալությունը նշվածի որևէ ապացույց չի ներկայացնում: Չի բացառվում, որ դա Պեկինի նախազգուշական կամ գուցե պատասխան գործողությունն է՝ թշնամուն ահաբեկելու և վախեցնելու համար: Եթե հավատալ հոնկոնգյան «South China Morning Post» թերթին, որը վկայակոչում է ամերիկյան լրատվամիջոցները՝ այժմ կրկին քննարկում են «Covid-19» համավարակի պատճառած տնտեսական վնասը հատուցելու տարբեր հնարավորություններ: Չինաստանը իհարկե, պետք է փոխհատուցի, քանի որ Վաշինգտոնը մեղավոր հենց նրան է նշանակել կատարվածի համար: Չինաստանից ուզում են «պոկել» առնվազն 160 միլիարդ դոլար: ԱՄՆ-ը պնդում է, որ Չինաստանի իշխանությունները համաշխարհային հանրությունից թաքցրել են կորոնավիրուսի վտանգավորության տվյալները, ինչը զրկել է այլ երկրներին համավարակի պատրաստվելու հնարավորությունից: Որպես տարբերակ Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Չինաստանի նկատմամբ ունեցած իր պարտքային պարտավորություններից, իսկ դա 1,12 տրիլիոն դոլար է, որը ՉԺՀ-ն պահում է ԱՄՆ կառավարության պարտատոմսերի մեջ: Ամեն դեպքում, ենթադրաբար, այս տարբերակը դիտարկվում է Սպիտակ տան կողմից: Հնարավոր չէ բացառել իրադարձությունների նման զարգացումը, քանի որ ամերիկացիներն արդեն դիմել են նման մարտավարության, օրինակ՝ Իրանի դեպքում:

Արժե ենթադրել, որ պարտավորությունների չկատարման մասին խոսակցությունները ևս թշնամուն վախեցնելու միջոց են: Քանի որ, ըստ մասնագետների կարծիքի, այս ուղղությամբ ցանկացած քայլ կնշանակեր ԱՄՆ-ի պարտքի փաստացի դեֆոլտ և կխաթարի ներդրողների վստահությունը դոլարային ակտիվների նկատմամբ, ինչը ամերիկացիներին ձեռնտու չէ: ԱՄՆ-ի «ծիսական պարերը» Պեկինի շուրջը՝ կապված կորոնավիրուսի և փոխհատուցման հետ, անհանգստացնում են անգամ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Չէ՞ որ «չինական պատասխանը» կարող է շրջվել նաև ԵՄ-ի դեմ, հաշվի առնելով, որ ամերիկացիները ստիպում են եվրոպացիներին «միանալ» իրենց գործողություններին, իսկ ԵՄ-ը երբեք չի մերժել ամերիկյան թելադրանքը: Այս կապակցությամբ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) հետաքննություն է անցկացրել և հանգել այն եզրակացության, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան Թրամփի վարչակազմի հաշվենկատ շեղող մանևր, սեփական թերությունները կոծկելու և ամերիկացիների զայրույթը հիվանդ գլխից Չինաստան ուղղելու փորձ: Գերմանիայի BND եզրակացությունների մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Spiegel» ազդեցիկ ամսագրին: Գերմանական հետախուզությունը «Հինգ աչք» հետախուզական ցանցի գործընկերներից (ԱՄՆ, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և Նոր Զելանդիա) հայցել է ապացույցներ «Covid-19»-ի ենթադրյալ ծագման մասին ԱՄՆ թեզի վերաբերյալ: Կոլեգաներից ոչ մեկը չի պատասխանել գերմանացիներին: Միևնույն ժամանակ, BND կողմից Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Անեգրետ Քրամպ-Քարենբաուերին ուղղված գաղտնի գրառման մեջ նշվում է, որ այո, ՉԺՀ-ը կարող էր որոշ ժամանակ թաքցնել համավարակի մասին տեղեկատվությունը, որի պատճառով, ըստ գերմանական հետախուզության, մնացած երկրները կորցրել են մեկ-մեկուկես ամիս` նախապատրաստվելու վիրուսի դեմ պայքարին։ Դաշնային հետախուզությունը ենթադրում է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները չինական իշխանությունների կողմից նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը թաքցնելու վերաբերյալ կարող են լինել միանգամայն արդարացված. ըստ տվյալների՝ նախագահ Սի Ցզինպինը հունվարի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին խնդրել է պահպանել տեղեկատվությունը այն մասին, որ վիրուսը փոխանցվում է անձից անձ, ինչպես նաև չշտապել համավարակի ռեժիմի ներդրման հարցում: Բայց դա անհեթեթություն է, քանի որ նախորդ օրը` հունվարի 20-ին, թոքաբան (պուլմանոլոգ) և համաճարակաբան Չժուն Նանշանը՝ ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագիտական ​​հանձնաժողովի ղեկավարը, արդեն բացահայտել է գաղտնիքը: «Վստահորեն կարող ենք ասել, որ վիրուսը փոխանցվում է անձից անձ»,- հայտարարել է նա մամուլի ճեպազրույցում (մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»): Նա նշել է, որ դա հաստատվել է այն բանից հետո, երբ հարավային Գուանդուն նահանգում ախտորոշվել է վարակի երկու դեպք այն մարդկանց մոտ, ովքեր չեն այցելել Ուհան (Հուբեյ նահանգ, Կենտրոնական Չինաստանի արևելք): Այդ պատճառով Չժուն Նանշանի հայտարարություններից հետո Չինաստանի ղեկավարի համար իմաստ չուներ ինչ-որ բանի շուրջ «պայմանավորվել» ԱՀԿ-ի հետ մեկ օր անց՝ հունվարի 21-ին:

Այժմ Թրամփը փոքր-ինչ փոխել է Չինաստանի հասցեին հնչող մեղադրանքների տոնայնությունը և կրակի տեսանկյունը՝ ասելով, որ Պեկինը, իհարկե, ոչ կանխամտածված ազատ է արձակել վիրուսը ՉԺՀ-ից դուրս… Ամեն դեպքում, այսօր նա չի ընկալում այն ​​գաղափարը, որ չինացիներն իրենց առջև դնում են մարդկությանը վարակելու խնդիրը: «Նրանք [չինացիները] սարսափելի բան արեցին, բայց ես չեմ հավատում, որ նրանք դա արել են կանխամտածված», – ասել է նա (մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»)՝ հավելելով, որ ինչ-որ մեկի ոչ կոմպետենտ լինելը, անզորությունն է մեղավոր: Հնարավոր է, որ Թրամփի հեռանալը նախնական մեղադրանքներից՝ պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն այժմ ընկած է երկրի ավելի քան 25 խոշոր քաղաքներում հասարակական մեծ անկարգությունների խավարի մեջ: Հիշեցնենք, որ Չինաստանը սկզբում պարտքի տակ չմնաց, և նա ինքն ԱՄՆ-ին մեղադրեց կորոնավիրուսը Ուհան քաղաք ներմուծելու մեջ: Դեռևս մարտի 12-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը «Covid-19»-ը բերեցին Ուհան՝ հորդորելով Միացյալ Նահանգներին՝ «լինել անկեղծ, հրապարակել դրա մանրամասները և բացատրել ամեն ինչ» (մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»): Ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը Պեկինի ենթադրություններն անվանեց «լկտի ապատեղեկատվական արշավ», իսկ նախագահ Թրամփը մեղադրանքները համարեց «անպատվություն»: Այդ ժամանակից ի վեր կողմերը ընդլայնել են սպառնալիքների շրջանակը: Ինչպես տեսնում եք, խոսքն արդեն հասել է տրեժերիսին (ԱՄՆ պետական արժեթղթերի), ինչը նշանակում է, որ դոլարի ճակատագիրը ինքնին վտանգի է ենթարկվում … Որոշ փորձագետներ ընդունում են, որ նույնիսկ խոսելը ԱՄՆ կառավարության պարտքի գծով պարտավորությունների մերժման մասին, կարող է Չինաստանին մղել խլել բոլոր արժեթղթերը կամ վաճառել իրեն պատկանող տրեժերիսը: Սա ի վիճակի է գցել դոլարի կուրսը և ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ տնտեսությանը, որն այժմ գտնվում է աննախանձելի վիճակում:

Ամերիկյան տրեժերիսի Չինաստանի առգրավումը միանգամից կամ փուլ առ փուլ, կարող էր ոչնչացնել ամբողջ դոլարային համակարգը: Այնուամենայնիվ, ամերիկյան և, որքան էլ տարօրինակ է թվում, ռուս վերլուծաբանները համաձայն են, որ աղետալի սցենարը քիչ հավանական է: Մայիսի 9-ին որոշ տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը շարունակում են բանակցությունները: Ամերիկյան CNBC հեռուստաալիքի համաձայն, կողմերը քննարկել են առևտրային գործարքի առաջին փուլի իրականացումը, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի կեսերին: Մայիսի վերջին, կարծում էին, որ երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել «բարենպաստ պայմաններ» և դրա իրականացման համար համապատասխան մթնոլորտ: Ինչպես նշվեց, այնպիսի քայլի նրանց դրդել է «ամբողջ աշխարհում ներդրողների մտահոգությունը» … Սակայն արդեն հունիսն է, և ԱՄՆ-ը նոր խնդիրներ ունեցավ: Այժմ «գործողության մեջ է»՝ Հոնկոնգում որոշ ուժերի կողմից Պեկինի կենտրոնական կառավարության դեմ բողոքի փորձը, իսկ ՉԺՀ-ն (հունիսի 1) Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանի բերանով ասել է, որ Չինաստանի կառավարությունը կտրուկ կարձագանքի ամերիկյան կողմի ցանկացած գործողությունների, որոնք խարխլում են Չինաստանի շահերը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր Twitter-ում հունիսի 6-ին արդեն մեղադրել էր Պեկինին. «Չինաստանի Կոմկուսի՝ Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահից, իրենց քաղաքական շահերից ելնելով, օգտվելու անգութ փորձերը կտապալվեն»: Այսպիսով, Չինաստանի հատուկ ծառայությունների զեկույցի հարցը՝ Միացյալ Նահանգների հետ պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության վերաբերյալ խորհուրդներով, դեռևս տեղին է: Աշխարհը տեսնում է, որ երկու երկրներն էլ փնտրում են միայն հարմար առիթ. ամերիկացիները փորձեցին օգտագործել «Covid-19»-ի վերաբերյալ կեղծ թեզերը, չինացիները՝ ԱՄՆ-ի միջամտությունը Հոնկոնգում:

Սերգեյ Շաքարյանց