Ադրբեջանցիները կորոնավիրուսով հայաստանցի 3500 հիվանդի տվյալ են հանրայնացրել. ո՞վ պետք է ապահովի և պաշտպանի բժշկական գաղտնիքը. Aysor.am

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով հայաստանցի հիվանդների և կոնտակտավորների մոտ 3500 մարդու տվյալ։

Aysor.am-ի հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ հանրայնացվել են տվյալներ Արմավիրի մարզից։

«Այս պահին հանրայնացված են Արմավիրի մարզից տվյալներ։ Դա երկու բան կարող է նշանակել. կամ միայն Արմավիրի հիվանդանոցն են կոտրել, կամ կոտրել են տվյալների ավելի մեծ բազա, ու դեռ հանրայնացրել են միայն Արմավիրի տվյալները։ Հուսանք, որ այնուամենայնիվ առաջին տարբերակն է»,- ասել է Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ չի կարծում, թե ավելի վաղ համացանցում հայտնված կորոնավիրուսից մահացած մարդկանց տվյալների դեպքը կապված է այս դեպքի հետ։

«Առաջինի դեպքում հայտնի չէ, թե ով է հանրայնացրել ու, կարծում եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Առաջին դեպքը, ամենայն հավանականությամբ, ներքին արտահոսք է եղել, սա հաքերային է։ Առաջին արտահոսքի դեպքը նաև նյուանս ուներ. քանի որ մահացած մարդիկ էին, փաստացի, դա արդեն անձնական տվյալ չի համարվում, դրա համար լղոզվեց, գնաց, բայց այս դեպքը երեք հազարից ավել մարդկանց անձնական տվյալներ են»,- ասել է Մարտիրոսյանը։

Ո՞վ պետք է ապահովի և պաշտպանի բժշկական գաղտնիքը հարցին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «Թե ով պետք է պաշտպանի՝ շատ մեծ հարց է։ Հայաստանում, ինձ թվում է, այդ հարցով հստակություն չկա»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով լրացում կատարեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում, որը ենթադրում է բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիները այդ տվյալները օգտագործելու հնարավորություն են ստացել՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «ՀՀ կառավարությունն այդպես էլ չհանրայնացրեց, թե ով է ստուգել, և արդյոք տեխնիկապես ստուգվել է այդ բազայի անվտանգությունը,  թե՝ ոչ։ Կարող ենք միայն հուսալ, որ տվյալների արտահոսք չի լինի»։