Կորոնավիրուսի հաղթահարումը այս իրավիճակում ոչ այնքան առողջապահական, որքան հանրային, վարքագծային և կարգապահական խնդիր է. Նիկոլ Փաշինյան

Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին, երբ քննարկվում էր Արտակարգ դրության՝ ևս 30 օրով երկարաձգման հարցը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վերջին տվյալները:

Վարչապետն ասաց, որ կորոնավիրուսի հաղթահարումը Հայաստանում այս իրավիճակում ոչ այնքան առողջապահական, որքան հանրային, վարքագծային և կարգապահական խնդիր է: «Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել և կորոնավիրուսի հաղթահարումը այս իրավիճակում ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային և կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Եվ, ըստ էության, այս իրավիճակը կարող է հաղթահարել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ամենատարբեր կանխատեսումներով՝ կորոնավիրուսի համավարակը աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1,5 տարի: «Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ»,-ասաց նա և նշեց, որ թեև այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, սակայն այն կարող է առաջիկա 3 տարիներին չստեղծվել: «Ամեն օրվա մեր թվերը արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները՝ վերջին 7-14 օրվա ընթացքում: Ընդ որում, եթե ասում ենք մենք, եկեք չտարբերակենք՝ քաղաքացիներ, կառավարություն: Մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ եթե չունենք թվերի նվազում, նշանակում է, որ մենք բոլորս պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները: