Ե՛վ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները․ Փաշինյան

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անտեղի է տարբերակում անելը, քանի որ և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ հատուկ նիստի ժամանակ։

Վարչապետը նաև նշեց, որ եթե կանոնները պահպանվեին, ապա հունիսի 3-ից դիմակների կրման պարտադրանքի արդյունքում այսօր պետք է նոր վարակման դեպքերի նվազում լիներ։ Եթե չկա այդ նվազումը, ապա ըստ Փաշինյանի, այդ կանոնները չեն պահվել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ։ Նա դա համեմատեց մեքենաների հետ․ երբ մեքենաները նոր հայտնվեցին, շատ վրաերթեր էին լինում, բայց երբ կարգավորումներ մտցվեցին, և մարդիկ սովորեցին դրա հետ ապրել, վրաերթերի թիվը նվազեց։