Լինելու են ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

Կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի միջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է  եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով:

Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և բուժական սկզբունքն է էդպիսին:

Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, զբաղվում է նաև այլ, մեր բոլորի հիվանդություններով: 10 մահճակալ ասվածը Առաջին համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրիի» մասին ընդհանրապես որոշում է կայացվել, որ չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա ճիշտ որոշում է, այդ որոշումն ուժի մեջ է»,- ասաց Արսեն Թորոսյանը, անդրադառնալով վերջին օրերին  համացանցում քննարկման թեմա դարձած հարցին, թե ոչ բոլոր հիվանդանոցներն են ներգրավված  կորոնավիրուսի դեմ պայքարում, և բազմաթիվ հիվանդանոցների մահճակալային ֆոնդը պարզապես չի օգտագործվում: