Թորոսյանը վաղ է համարում վարակվածության թվերի անկման մասին խոսելը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսով վարակի անկման մասին խոսելը:

Այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Դեռ վաղ է խոսել անկման մասին: Մենք օրեր ենք ունեցել, որ 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը, սակայն, ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար: Մեր գործողությունները պետք է էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արձանագրված ընդհանուր 15 հազար դեպքին Հայաստանը նախնական հաշվարկով պետք է հասներ հունիսի 9-ին, սակայն սա չի նշանակում, որ թվերը փոքր են:

«Թվերի աճմանը զուգահեռ ավելանում են նաև ծայրահեղ ծանր դեպքերն ու ծանր դեպքերը: Ծայրահեղ ծանր դեպքերի ու ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, մեծ թվերը բերում են մեծ մահացության, և բոլոր գործողությունները պետք է ուղղվեն թվերի զսպմանը, ոչ թե միայն հզորությունների ավելացմանը»,- նշեց նախարարը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: