Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին և վարչապետին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և մենք կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները:

Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: