Չլինի՞ թե նոր կորոնավիրուսը որոշ չափով ազդել է Փաշինյանի ուղեղի վրա…

Մասնագետներն արդեն իսկ պարզել են, որ նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ ոչ տիպիկ թոքաբորբ, առողջական ծանր խնդիրներ առաջացնելուց բացի, որոշ դեպքերում թեթևակիորեն ախտահարել է նաև դրանով վարակվածների ուղեղը, հայտնաբերվել են պացիենտների ուղեղի վրա նոր կորոնավիրուսի ազդեցության որոշակի հետքեր: Իմ համակարգչի հիշողության մեջ այդ կապակցությամբ առնվազն երեք տարբեր տեղեկություններ կան արխիվացված:

Լսելով պարետատան 2020թ. հունիսի 10-ի նիստից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթը, ոչ միայն տողերիս հեղինակի, շատ ուրիշների մոտ նույնպես առաջացել է հետևյալ հարցը` չլինի՞ թե նոր կորոնավիրուսը որոշ չափով ազդել է Փաշինյանի ուղեղի վրա… Եթե, իհարկե, չէր ստում, թե ինքը և իր ընտանիքը վարակվել են նոր կորոնավիրուսով:

«Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս: Իհարկե, չի կարելի ասել, որ Հայաստանում վիճակը կայունացել է, բայց առաջին նախանշանները կան»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պարետատան վերոնշյալ նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թող իրականում այդպես լինի, ինչպես ասում են, չուզողը մենք լինենք, բայց… Փորձենք հասկանալ, թե նոր կորոնավիրուսի ցուցանիշների այդ ի՞նչ կայունացման մասին է հայտարարել Փաշինյանը, որքանո՞վ է նրա տվյալ հայտարարությունը փաստարկված, հիմնավորված համապատասխան թվերով, նախկինում ինչպիսի՞ն էին այդ ցուցանիշները, որ անկայուն են համարվել, և արդյոք եղե՞լ են ցուցանիշների այնպիսի դրական փոփոխություններ, որոնք վարչապետի պաշտոնը զբաղեցնողին թույլ են տվել հայտարարել Հայաստանում նոր կորոնավիրուսի ցուցանիշների կայունացման թույլ և նախնական նախանշանների ի հայտ գալու մասին:

Վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալու համար դիտարկենք ու վերլուծենք Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում  հրապարակված պաշտոնական տեղեկությունները վերջին մեկ շաբաթում արձանագրված ցուցանիշների վերաբերյալ:

Ըստ այդմ, հունիսի 5-ին հրապարակված տեղեկատվության համաձայն` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք, ապաքինվել է ևս 45 մարդ, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 6-ին հրապարակվածի համաձայն` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք, ապաքինվել է ևս 207 մարդ, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 7-ին հրապարակվածի համաձայն` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, ապաքինվել է ևս 294 մարդ, արձանագրվել է մահվան 10 դեպք, հունիսի 8-ին հրապարակվածի համաձայն` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Հունիսի 8-ի առավոտյան հրապարակված հիշյալ տեղեկատվության առնչությամբ հարկ է հատուկ նշել, որ հիվանդության հաստատված նոր դեպքերի թիվը` 195, իրականում չի արտահայտում հունիսի 7-ին հիվանդության նոր դեպքերի իրական թիվը, քանի որ, ինչպես նշված է պաշտոնական նույն աղբյուրում, «Հունիսի 7-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։ Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ»։

Ներկայացնենք նաև հունիսի 8-ից հետո հրապարակված ցուցանիշները. հունիսի 9-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 350 նոր դեպք, ապաքինվել է ևս 352 մարդ, արձանագրվել է մահվան 6 դեպք, հունիսի 10-ին հրապարակված տեղեկատվության համաձայն (ընդգծենք, որ վարչապետի հիշյալ հայտարարությունը հենց այդ օրն է կատարվել)` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք, ապաքինվել է ևս 775 մարդ, արձանագրվել է մահվան 6 դեպք:

Միաժամանակ ընդգծենք, որ հունիսի 9-ին հրապարակված ցուցանիշը` 350, ինչպես հունիսի 8-ին հրապարակված ցուցանիշը, կարող է չհամապատասխանել նախօրեին հիվանդության նոր դեպքերի այն քանակին, որը կարող էր հայտնաբերվել թեստավորման մեծ քանակի դեպքում: Սա պարզ կլիներ, եթե ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակեր, թե հունիսի 8-ին և, ընդհանրապես, յուրաքանչյուր օր քանի հոգու թեստավորում է իրականացրել, ինչը, կարծում ենք, միտումնավոր չի հրապարակում, ավելի ճիշտ, հրապարակում է առանձին օրերի, ոչ կանոնավոր կերպով, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս իրական վիճակին գոնե մոտավոր կերպով համարժեք ու ճիշտ պատկերացում ունենալ:

Վերը նշվածը մի խնդիր է, որին առաջիկայում կանդրադառնանք հատուկ կերպով, քանի որ մինչ այժմ հրապարակվող թվերը բնավ չեն արտահայտում Հայաստանում նոր կորոնավիրուսով թե՛ վարակվածների, թե՛ հիվանդների իրական թվաքանակները (Փաշինյանն ինքն էլ իր ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների իրական քանակը գերազանցում է 100 000-ը):

Այսպիսով ակնհայտ է, որ Փաշինյանի հիշյալ հայտարարության օրը հրապարակված COVID-19 հաստատված նոր դեպքերի քանակը` 428, նախորդ երկու օրերին հրապարակված ցուցանիշներից` 350 և 195, ոչ թե նվազ է, այլ գերազանցում է դրանց և առանձնապես չի զիջում հունիսի 6-ին հրապարակված հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակին (547) այն առումով, որ հունիսի 10-ին հրապարակված հաստատված նոր դեպքերի ցուցանիշը` 428, նույնպես բարձր է: Դա Փաշինյանն ինքն էլ խոստովանեց իր հիշյալ հայտարարության մեջ` ասելով հետևյալը.

«Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած, ընդհանուր առմամբ, ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար, և, ըստ էության, մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է, և եթե մենք միասին կարողանանք պահպանել այդ միտումը`

Ա. կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրները ամբողջ ծավալով, և կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ, զրոյացման փուլին»:

Ընդգծենք, որ նույն Փաշինյանը դրանից ընդամենը 3 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների իրական քանակը գերազանցում է 100 000-ը, հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով 200 պացիենտի չեն կարողանում հոսպիտալացնել (խոսքը ծանր և խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին է, քանի որ թեթև և միջին ծանրության հիվանդները բուժվում են տանը և այլ վայրերում), և որ մեր առողջապահական համակարգը ճկռում է առաջացած ծանրաբեռնվածության տակ: Եվ, ահա, հիմա այսպիսի կտրուկ շրջադարձ…

Բնականաբար, հարց է առաջանում` ինչպե՞ս կարելի է բավական բարձր ցուցանիշի առկայության պարագայում խոսել կայունացման մասին ու դրանով, կամա թե ակամա, հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել: Ինչպե՞ս կարելի է հունիսի 8-ին հրապարակված և նոր կորոնավիրուսով հիվանդության թեստերի հիմնական ծավալն իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայի` հունիսի 7-ին չաշխատելու հետևանքով տվյալ օրվա հիվանդության նոր դեպքերի իրական քանակը չարտահայտող ցուցանիշը` 195, և հունիսի 9-ին հրապարակված ցուցանիշը` 350 (այսինքն` ընդամենը 2 օրվա ցուցանիշ) համեմատելով նախորդած մի քանի օրերի ցուցանիշների հետ, ընդ որում, անտեսելով հենց հայտարարության օրը` հունիսի 10-ին հրապարակված բարձր ցուցանիշը (428), հայտարարել կայունացման մասին` չսպասելով գոնե մեկ- երկու շաբաթ…

Եվ, ահա, վերը նշված պաշտոնական աղբյուրում հենց այսօր հրապարակված տեղեկատվությունը  փաստեց Փաշինյանի հիշյալ հայտարարության սնանկությունն ու սխալականությունը, միաժամանակ ապացուցեց տվյալ հայտարարության մանիպուլյացիոն բնույթը: Ըստ հունիսի 11-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, ապաքինվել է ևս 240 մարդ, արձանագրվել է մահվան 18 դեպք: Ընդգծենք, որ նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված նոր դեպքերի այսօր հրապարակված ցուցանիշը վերջին մեկ շաբաթվա ընթացքում զիջում է միայն հունիսի 5-ին և 7-ին հրապարակված ցուցանիշներին (համապատասխանաբար` 596 և 766): Ի՞նչ կայունացման մասին է խոսքը…

Խնդիրը քննենք նաև մեկ այլ տեսանկյունից. մի պահ պատկերացնենք, թե խոսելով կայունացման մասին, Փաշինյանը նկատի է ունեցել ոչ թե վերջին շրջանում հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակի վերաբերյալ ամեն օր հրապարակվող ցուցանիշները, դրանց համեմատությունը, այլ այդ ցուցանիշների համեմատ նորանոր ապաքինվածների քանակի վերաբերյալ ամեն օր հրապարակվող ցուցանիշների գերազանցումը: Մի փոքր թվաբանական հաշվարկ կատարենք ու հասկանանք, թե ընդհանրապես կա՞ նման գերազանցում:

Վերջին մեկ շաբաթում հրապարակված տեղեկություններից ակնհայտ է, որ տվյալ օրվա ընթացքում ապաքինվածների քանակը հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակին գերազանցել է ընդամենը 2 օր. հունիսի 9-ին հրապարակված ցուցանիշի համաձայն` գերազանցել է ընդամենը 2-ով (հիվանդության հաստատված 350 նոր դեպք, ապաքինված ևս 352 հոգի), և հունիսի 10-ին հրապարակված ցուցանիշի համաձայն` գերազանցել է 347-ով (հիվանդության հաստատված 428 նոր դեպք, ապաքինված ևս 775 հոգի): Մնացած բոլոր օրերին ճիշտ հակառակ պատկերն է:

Ավելին. վերոնշյալ յոթ օրերին (հունիսի 5-11-ը) հրապարակված պաշտոնական տեղեկատվության վերլուծությունը փաստում է, որ հունիսի 4-ից հունիսի 10-ի ընթացքում COVID-19 հաստատված նոր դեպքերի ընդհանուր քանակը (3448) նույն ժամանակաընթացքում ապաքինվածների ընդհանուր քանակին (1998) գերազանցում է 1450-ով: Այնպես որ, Փաշինյանի «լավատեսությունն» այս առումով ևս հիմնավոր չէ, ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը ստում է նաև այս դեպքում, թե հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների քանակն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է:

Իսկ ինչո՞ւ է ստում… Տարրական թվաբանությա՞ն չի տիրապետում, ծուլանո՞ւմ է մի քանի թիվ իրար գումարել-հանել, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանն այդ առումով իրեն կեղծ տեղեկությո՞ւն է տվել, թե՞ հասարակության գլխի տակ միտումնավոր փափուկ բարձ է դնում, որպեսզի շատ մարդիկ, չնայած հահահամաճարակային կանոնները պահպանելու իր կոչերին, միամտանան, ապահովության զգացողություն ունենան և չպահպանեն այդ կանոնները (ինչին, ի դեպ, ականատես ենք)` տեղիք տալով վարակման, հիվանդության ու մահվան դեպքերի հետագա աճի, հանրապետությունում առանց այն էլ ծանր իրավիճակի հետագա վատթարացման: Չգիտենք, թող ինքը պատասխանի:

Հավելենք միայն, որ ՀՀ բնակչության թվաքանակի համեմատ մինչ այժմ նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, ինչպես ներկայացրել ենք մեր «Հայաստանում վիճակն ավելի ահավոր է, քան նույնիսկ Բրազիլիայում. Փաշինյանն իր իշխանությամբ հաջողությամբ կործանում է երկիրը» հրապարակմամբ , գերազանցում է նույնիսկ աշխարհում COVID-19 հաստատված դեպքերի քանակով 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի նույն ցուցանիշին` այն վերջինիս բնակչության քանակի վրա բաժանելով:

Արթուր Հովհաննիսյան