«Forbes». Ռուսաստանը 60 ժամից պակաս ժամանակահատվածում կարող է հաղթել ՆԱՏՕ-ին Եվրոպայում

Շատ անսովոր, զարմանալի նորություններ են ստացվում ԱՄՆ-ից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին: Այդ լուրերը տպավորություն են ստեղծում, որ աշխարհում ռազմավարական իրավիճակի պատկերը դարձել է քաոսային և անկանխատեսելի: Նախ՝ հունիսի 8-ին հաղորդվել է, որ ԱՄՆ-ը գնել է… վերջին 9 տարվա ընթացքում ռուսական նավթի ռեկորդային ծավալներ: Այն ռուսական նավթի, որի հետ Վաշինգտոնը փորձում էր Սաուդյան Արաբիայի ձեռքով «նավթային պատերազմ» մղել, սակայն, ըստ երևույթին, պարտվել է համաշխարհային մասշտաբի այս մարտում: Հունիսին ռուսական նավթով առնվազն 10 լցանավեր կժամանեն Միացյալ Նահանգներ: Վերջին անգամ այդպիսի ծավալներ առաքվել են Ատլանտյան օվկիանոսով 2011 թ. հունիսին: Մինչև հունիսի վերջը ԱՄՆ են ժամանելու ռուսական նավթով 10 լցանավեր: Ըստ Marinetraffic նավիգացիոն պորտալի տվյալների՝ Clio նավն արդեն ժամանել է Հյուսթոն, Aristea և Navig8 Precision նավերը Մեքսիկայի ծոց տանող ճանապարհին են, իսկ մնացածները դեռ նոր անցնում են Ատլանտիկան կամ նավարկում դեպի Եվրոպա: Տասը լցանավերից ութը նավթ են ստացել Բալթիկ ծովի Ուստ-Լուգա տերմինալում: Եվս երկուսը` Նովոռոսիյսկում: Միջին հաշվով դեպի ԱՄՆ ուղևորությունը տևում է մոտ երեք շաբաթ, իսկ վերջին լցանավը իր նպատակակետին կհասնի հունիսի 26-ին: Ռուսական նավթով ԱՄՆ մեկնող բոլոր լցանավերը պատկանում են Aframax դասին և կարող են տեղափոխել մինչև 900 հազար բարել նավթ: Այսպիսով, հունիսին առնվազն 9 միլիոն բարել նավթ կմատակարարվի Միացյալ Նահանգներ: Համեմատության համար նշենք, որ 2011-ի հունիսին Ռուսաստանից Ատլանտիկայով առաքվել է 10 միլիոն բարել նավթ: Դրանից հետո արտահանումը դեպի ԱՄՆ սկսել է ընկնել, և 2014-ին, օրինակ՝ վեց ամիսների ընթացքում այն ամենևին չկար: Ռուսական նավթի ամենամեծ մատակարարումը գրանցվել է 2003 թվականի հուլիսին՝ 14,8 միլիոն բարել:

Այս տարվա հունիսին մատակարարումները կարող են 9 միլիոն բարելից ավելի բարձր լինել, քանի որ ԱՄՆ-ում միջազգային առևտրականները կարող են վերավաճառել ռուսական նավթը և հումքով լցանավերը գալիս են արդեն եվրոպական նավահանգիստներից: Օրինակ՝ Ամստերդամից: Ռուսաստանից հումքի պահանջարկը կարող է շարունակվել նաև հուլիսին, քանի որ Մոսկվան կատարում է նավթի արդյունահանումը կրճատելու իր խոստումները և պայմանավորվել է մայիս-հունիս ամիսների քվոտաները պահպանել նաև հուլիսին: Մի կողմից սա հանգեցնում է պահանջարկի մեծացման: Մյուս կողմից՝ նավթի գինը աճում է: Brent ապրանքանիշը անցած շաբաթ թանկացել է՝ հասնելով բարելի դիմաց 43 դոլարի: Ի՞նչ է սա. Ռուսաստանը որոշել է օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հարցերը շատ են, չնայած պարզ է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են ավելացնել ռուսական նավթի մատակարարումը Միացյալ Նահանգներ:

Բայց այդ դեպքում անհեթեթ են թվում տարբեր համաշխարհային ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք նույնպես ստացվել են հունիսի 8-ին, այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է նախագահ Թրամփի խնդրանքը Սպիտակ տան շուրջը անվտանգության պարագիծը պաշտպանելու համար ռուսական բանակի 10 հազար զինծառայող տրամադրելու մասին: Ամեն դեպքում, առաջիններից մեկը այդ լուրը տարածել է ամերիկյան «The New Yorker» ամսագիրը, և ըստ այս ամսագրի հայտարարությունների՝ Կրեմլի աղբյուրները հաստատել են այդ տեղեկատվությունը: «Այն բանից հետո, երբ զորքեր մտցնելու Թրամփի կոչը արհամարհվել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի և գեներալ Մարկ Միլլիի կողմից, Թրամփը գոռաց. «Դե այդ դեպքում ես կզանգահարեմ Վլադին, և դուրս գնաց», նշում է «The New Yorker»-ը։ Նշվում է նաև, որ ի մեծ հիասթափություն Թրամփի՝ Մոսկվան սառն է արձագանքել զորք մտցնելու խնդրանքին: «Արտաքնապես, դա սարսափելի տեսք կունենա,- պատասխանել է Պուտինը:-Ավելի վատ, քան այն խելագարությունը, որ դու արեցիր Աստվածաշնչի հետ։ Լուրջ, արի՝ խելքդ գլուխդ հավաքիր»,- հավաստում է «The New Yorker»-ը:

Այնուհետև, այս ամսագիրը ընդհանրապես տրամադրել էր տեղեկություններ, որոնք կարող են ծիծաղ առաջացնել. իբր Սպիտակ տան աղբյուրները հայտարարել են, որ Թրամփը այնուհետև զանգահարել է ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընին, սակայն բաժանորդը չի պատասխանել, և հաղորդագրությունները փոխանցվել են ուղիղ ձայնային փոստին, հայտնում է պարբերականը: Հիշեցնենք, որ Թրամփը քննարկում էր բանակի ներգրավման հնարավորությունը՝ Վաշինգտոնում և երկրի այլ քաղաքներում ոստիկանների կողմից ձերբալակության ընթացքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ցույցերն ու անկարգությունները ճնշելու համար։ Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդել է, որ Սպիտակ տունը ցանկանում էր 10 հազար զինված զինծառայող դուրս բերել Վաշինգտոնի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար, սակայն դեմ են արտահայտվել պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մարկ Միլլին:

Եթե ​​դա ճիշտ է, ապա ստացվում է, որ չմերժելով ԱՄՆ-ին նավթի մատակարարման հարցում, Ռուսաստանի ղեկավարությունը իսկապես հրաժարվել է Թրամփին այլ բնույթի օգնություն ցուցաբերելուց: Մասնավորապես, Ամերիկայի հիմնական քաղաքներում հանգստությունն ու կայունությունը վերականգնելու հարցում: Եվ հունիսի 8-ին շատ ժամանակին տեղեկություններ են ստացվել ամերիկյան «Forbes» ամսագրի կողմից: Ամերիկյան պարբերականը կապել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը ավելի քան մեկ քառորդով կրճատելու Թրամփի որոշումը հունիսի 1-ին Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցի հետ: Այս թեմայի վերաբերյալ հոդվածում «Forbes» շեշտում է, որ, ամերիկացի փորձագետների կարծիքով, Ռուսաստանին 60 ժամ էր հարկավոր Եվրոպայում ՆԱՏՕ-ին հաղթելու համար, այժմ՝ Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունից հետո, դրա համար կպահանջվի նույնիսկ ավելի քիչ ժամանակ: Իսկ հունիսի 5-ին՝ ԱՄՆ նախագահի և նրա ռուս գործընկերոջ վերջին հեռախոսազրույցից չորս օր անց, հայտնվել է լուր այն մասին, որ Թրամփը նախատեսում էր Գերմանիայից դուրս բերել 9,5 հազար ամերիկյան զինծառայող: Մեր կարծիքով, մինչև 2020-ի վերջը մենք և այլ ԶԼՄ-ներ շատ անգամ ենք վերադառնալու այս հարցին. իսկ ի՞նչ են աշխարհի համար պատրաստում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:

Սերգեյ Շաքարյանց