Երկու օրով կասեցվել է մայրաքաղաքի երեք մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված մշտադիտարկման արդյունքում մայրաքաղաքի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել: Ըստ այդմ՝ ՀՀ պարետի N-127 Ա որոշման համաձայն, երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես` երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով, արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում, իսկ մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ Կրթության տեսչական մարմինը այսօր շարունակել է ստուգայցեր կատարել Երևանի Ավան վարչական շրջանում:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: