Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ. Մնացականյանը՝ Լավրովի հետ հեռախոսազրույցների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցների թեմային, նշեց, որ այդ զրույցների ընթացքում քննարկվում են հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:

«Մենք ունեցել ենք առնվազն երեք հեռախոսազրույց, որոնք հրապարակվել են, բայց միայն այդ զրույցներով չի իրականացվում հայ-ռուսական դիվանագիտական գերատեսչությունների միջև երկխոսությունը: Մեր օրակարգն այնքան լայն է, և մենք այնքան բան ունենք խոսելու: Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ, ԱԳՆ-ի մասով ունենք մեր ծավալը, մենք ունենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում համագործակցության բավական մեծ ծավալ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը՝ նախարարը նշեց, որ սխալ ըմբռնում կա, թե հեռախոսազրույցները նվիրված են լինում միայն հանրության շրջանում ուշադրության արժանացած թեմաներին:

«Այն ընկալումը, որ եղել է զարգացում, որը հասարակության ուշադրությունն է գրավել, և մեր զրույցը միայն դրան պետք է նվիրված լինի, սխալ ընկալում է, որովհետև մեր զրույցը բավական ծավալուն է, և այն շատ կանոնավոր է: Ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից խոսելու կարիք ունենանք տարբեր հարցերի շուրջ»,- նշեց նախարարը: