Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար վարկ կտրամադրվի պետյուջեից՝ հրաժարվելով ռուսական վարկի մի մասից

ՀՀ կառավարությունը այսօր հերթական նիստում ընդունեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը:

Նա հիշեցրեց, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: «Խոսքը 300 մլն ԱՄՆ դոլար վարկի մասին է, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ է և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ»,-ասաց նա և նշեց, որ վարկի տրամադրման համաձայնագրով՝ ֆինանսավորման վերջնաժամկետ է սահմանվել 31.12.2019թ.:
«2018 թ. դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսել են բանակցությունները և ժամկետի երկարացման խնդիր ունենք: Մինչև 2019թ. տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հանարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը, այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում անել և առաջարկվում է 2020-2020թթ. ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ ՀՀ դրամի բյուջետային վարկ: Նախատեսվել է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությւոնը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր»,-ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը կարևոր համարեց խնդիրը՝ Հայկական երկրորդ էներգաբլոկի աշխատանքները պատշաճ ավարտելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներքին աղբյուրներից միջոցներ ենք ներգրավում՝ավելի լավ պայմաններով և ավելի է մեծացվելու կառավարության լծակները՝ այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Նախկին պայմաններում որոշակի սահմանափակումներ ունեինք՝ այդ թվում գնումներ իրականացնելու առումով, իսկ այս պարագայում, այն դնում ենք շուկայական տրամաբանության մեջ և կարող ենք շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրքանի գները կլինեն ավելի ցածր»,-ասաց նա և հույս հայտնեց, որ որակն էլ չի զիջի:

«ՀՀ կառավարության նկատմամբ կա վստահություն, մենք նկատում ենք, որ ներքին շուկայում ավելի մեծ հետաքրքրություններ են ձևավորվում ՀՀ կառավարությանը վարկավորելու հարցում, այսինքն՝ ֆինանսավորելու և կարող են լինել մեծ պրոյեկտներ, որոնց ֆինանսավորման համար դիմենք ոչ թե արտաքին, այլ ներքին աղբյուրներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա նաև տեմպի երաշխիք է և այս աշխատանքների արդյունքում ունենալու ենք ինքնարժեքի դրական միտում: «Այսինքն՝ ըստ էության համակարգում նվազելու է ինքնարժեքը, իսկ ռուսական վարկի պարագայում, տեմպի հնարավորությունը բավականին սահմանափակում էր»,-ասաց նա:

Հարցին շարունակեց արձագանել վարչապետը. «Ուզում եմ էսպիսի մի բան ասել, որ երկար տարիներ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը եղել է մի ձեռնարկություն, օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան թե տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներում և ամենատարբեր պատճառներով: Մենք խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և խնդիրը հստակ ձևավորվել է նախարարի առաջ և պետք է դա կատարվի»: