Գիտնականը հայտարարել է, որ կորոնավիրուսը թուլանում է

Վերջին գիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը թուլանում է, ինչը հնարավորություն է տալիս հուսալ, որ աշնանը COVID-19 համաճարակի երկրորդ ալիք չի լինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է իտալացի հայտնի վիրաբույժ, Միլանի Վիտա-Սալուտ Սան Ռաֆայելեի համալսարանի պրոռեկտոր Մասիմո Կլեմենտին:

«Մայիսին մեր բժիշկները նկատեցին հիվանդության ծանր ընթացքի աստիճանաբար նվազում, որի պատճառով հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակված հիվանդները: Ընդ որում  խոսքը թոքաբորբով  հիվանդների մասին է, որոնք կարիք ունեին բուժվելու վերակենդանացման բաժանմունքում: Միևնույն ժամանակ աճել է վարակվածների թիվը, որոնք կարող էին տանը բուժվել», – ասել է պրոֆեսորը:

Ըստ Կլեմենտինի, կլինիկական պատկերի այդպիսի լուրջ փոփոխության համար անհրաժեշտ էր գիտական ​​բացատրություն, որի որոնումը կատարվել է Իտալիայում խոշորագույն մասնավոր բժշկական հաստատության՝ Սան Ռաֆայել հոսպիտալի մանրէաբանություն և վիրուսաբանության լաբորատորիայի աշխատակիցների կողմից: «Մենք իրականացրինք մի փոքր ուսումնասիրություն, որի ժամանակ համեմատեցինք  մարտի 1-15-ը հիվանդանոց ընդունված 100 բուժառուներին մայիսի երկրորդ կեսին հոսպիտալացված 100 բուժառուների հետ: Պարզվեց, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը համաճարակի նախնական փուլում զգալիորեն՝ տասնյակ անգամ ավելի բարձր էր, քան մայիսի վերջին: Այս արդյունքը շատ կարևոր է», – ընդգծել է գիտնականը:

Կլեմենտինի խոսքով՝ կլինիկական պատկերի բարելավումը, որն ուղեկցվում է վիրուսային բեռնվածության հստակ նվազմամբ, ենթադրաբար նշանակում է, որ կորոնավիրուսը ինքնին թուլանում է: «Առայժմ մենք դա չենք կարող  վստահորեն հաստատել, բայց, ամենայն հավանականությամբ, դա հենց այդպես է», – ասել է նա:

Ինչպես շեշտել է գիտնականը, վիրուսի թուլացման մասին եզրակացությունը հաստատվում է համաճարակի տարբեր փուլերում մի շարք երկրներից իրեն հասած տվյալների միջոցով: Նա նաև պատմել է Լոնդոնի մի խումբ գիտնականների վերջերս կատարած ուսումնասիրության մասին, որոնք ուսումնասիրել են վիրուսային գենոմի տարբեր հաջորդականություններ, որոնք նախկինում հայտնաբերվել էին Չինաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, վերլուծելով դրանք համաճարակի տարբեր փուլերում:

«Արդյունքում, բրիտանացի գործընկերները պարզել են, որ կան վիրուսի գենոմի որոշ տարածքներ, որտեղ կատարվում են մուտացիաներ: Սա մի երևույթ է, որը կոչվում է հոմոպլազիա: Սա նշանակում է, որ վիրուսը շատ պլաստիկ է և հարմարվում է մարդու մարմնին տարբեր մուտացիաների միջոցով», – ասել է մանրէաբանը:

Կլեմենտին այս տվյալները անվանել է արտակարգ նորություն՝ հաշվի առնելով համաճարակի զարգացման հեռանկարները: «Փաստն այն է, որ վերը նկարագրված գործընթացը տեղի է ունենում բոլոր երկրներում՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից և համաճարակի այն փուլից, որտեղ նրանք գտնվում են: Ամենուրեք, վիրուսի էվոլյուցիան ընթանում է նույն ուղղությամբ, ինչ-որ տեղ ավելի արագ, ինչ-որ տեղ ավելի դանդաղ: Հավանական է, որ այս գործընթացը կնվազեցնի վիրուսի պաթոգեն պոտենցիալը, կնվազեցնի դրա վիրուսային հատկությունները, ինչը նախկինում մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել: Աստիճանաբար վիրուսը դառնում է ավելի քիչ ագրեսիվ, այն հարմարվում և թուլանում է»,- գնահատել է պրոֆեսորը:

Նա առաջարկել է, որ շուտով նոր վիրուսը կթուլանա այնքան, որ «ինչպես մյուս կորոնավիրուսները, դա մարդու մեջ միայն շնչառական հիվանդություններ կառաջացնի»:

Պատասխանելով աշնանը հնարավոր երկրորդ համաճարակային ալիքի հավանականության մասին հարցին, Կլեմենտին հույս ունի, որ դա տեղի չի ունենա: «Եթե վիրուսը, մենք հավատում ենք, հետզհետե կդառնա ավելի քիչ վիրուսային, ապա այս ձմռանը ստեղծված իրավիճակի կրկնությունը տեղի չի ունենա», – ընդգծել  է բանախոսը: