Տավուշի մարզում ամսական արտադրվում է ավելի քան 10 մլն դիմակ. Հայկ Չոբանյան

Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ, դա Դիլիջանի ԲԿ-ն է, որը կսպասարկի 50 հոգի՝ ստացիոնար ծառայության մեջ և 5 հոգի՝ վերականգնողական բուժման մեջ, ռեանիմացիոն բաժանմունքում ևս կունենանք պացիենտներ, ես համոզված եմ, որ այնտեղ բարձր որակի ծառայություն կմատուցվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նրա տեղեկացմամբ` Տավուշի մարզում այս պահի դրությմաբ կա կորոնավիրուսի 133 վարակակիր, 26 գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը 600 է:

«Խոշոր օջախ ունեցել ենք «Տավուշ տեքստիլ»-ում, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են և դրանից հետո էական փոփոխություն այնտեղ չունենք, գործարանն աշխատում է իր բնականոն հունով»,- ասաց նա:

Մարզպետը տեղեկացրեց, որ դեպքեր գրանցվել են նաև ձեռնոցների արտադրամասում:

Ինչ վերաբերում է մարզում դիմակների արտադրությանը, Չոբանյանը նշեց, որ արդյունքներն ավելի քան արդարացվել են: «Ամսական արատադրում ենք 10 մլն դիմակ, շուտով Հայաստան կներկրվեն ևս երկու հոսքագծեր, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները»,- տեղեկացրեց նա: